Այսուհետ Հայաստանում օտարերկրյա քաղաքացիներ աշխատանքի ընդունելու համար գործատուները պետք է հատուկ թույլտվություն ունենան: Այն գործատուները, ովքեր օտարերկրացի աշխատողներ են ընդունել նախքան 2016թ. հունիսի 4-ը, պետք է 2016թ. հունիսի 4-ից հետո՝ 60 օրվա ընթացքում, օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի կրկնօրինակները ներկայացնեն Զբաղվածության պետական գործակալություն՝ հաշվառման:
Այս տարվա հունիսի 4-ից ուժի մեջ մտած կառավարության որոշմամբ սահմանվել է ընթացակարգը, որով գործատուները դիմում և ստանում են օտարերկրյա քաղաքացուն աշխատանքի ընդունելու թույլտվություն:
Կարգի համաձայն` գործատուն ամենից առաջ դիմում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալություն՝ ակնկալելով համալրել առկա թափուր աշխատատեղը Գործակալությունում գրանցված աշխատանք փնտրող ՀՀ քաղաքացիների միջոցով:
Համապատասխան թեկնածուի բացակայության կամ գրանցված քաղաքացիների` սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում միայն գործատուն իրավունք է ստանում դիմել Գործակալությանը` կոնկրետ օտարերկրացու համար կոնկրետ աշխատանքի թույլտվություն ստանալու նպատակով:
Գործակալության պետի կողմից թույլտվություն ստանալուց հետո գործատուն տեղեկացնում է այդ մասին տվյալ օտարերկրացուն՝ ՀՀ ժամանելու և ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը ՀՀ ոստիկանություն ներկայացնելու համար:
Աշխատանքի թույլտվություն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, գործատուն օտարերկրացի քաղաքացու հետ կնքում է աշխատանքային պայմանգիր՝ պարտավորվելով թույլտվությամբ սահմանված ժամկետում ապահովել նրան համապատասխան աշխատանքով:
Ուշադրություն` մինչև 2016թ. հունիսի 4-ը ՀՀ-ում աշխատող և Օրենքով նախատեսված աշխատանքի թույլտվություն չունեցող օտարերկրացիների գործատուները 2016թ. հունիսի 4-ից հետո՝ 60 օրվա ընթացքում, օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի կրկնօրինակները պետք է ներկայացնեն Զբաղվածության պետական գործակալություն՝ հաշվառման:
Կարգի վերաբերյալ մանրամասն կարելի է տեղեկանալ սոցիալական ոլորտի 114 անվճար թեժ գծի և www.epension.am սոցիալական պորտալի «Առցանց խորհրդատուի» միջոցով:
«Նորք» կենտրոն
Իրավաբան.net