Երեկ ողջ օրվա ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրել Է Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերը: Արտակարգ ռեժիմով կատարվել են այցեր Ոստիկանության այն ստորաբաժանումներ, որտեղ պահվել են բերման ենթարկվածները:
Ըստ բերման ենթարկված մի շարք քաղաքացիների՝ Ոստիկանության ծառայողների կողմից բերման ենթարկվելու եւ Ոստիկանության ստորաբաժանումներում գտնվելու ընթացքում չեն ապահովվել իրենց իրավունքները, իրենց նկատմամբ գործադրվել է ֆիզիկական ուժ, որի արդյունքում ստացել են մարմնական վնասվածնքեր
Թեեւ հասկանալի է այսպիսի բարդ իրավիճակներում իրավապահ մարմինների կողմից կանխարգելիչ, հասարակական կարգի պահպանությանն ուղղված գործողությունների իրականացումը, այդուամենայնիվ պետք է բացառվի այդ իրավունքների իրականացմանը չհիմնավորված որեւէ միջամտություն եւ պետք է պահպանվեն քաղաքացիների՝ օրենքով սահմանված իրավունքները:
Ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու մասին ցանկացած հայտարարություն պետք է ստուգման համապատասխան ընթացակարգ սկսելու անհապաղ հիմք դառնա: Կարեւոր է, որ Ոստիկանության կողմից արդեն իսկ նախաձեռնվել է նման ընթացակարգ:
Պետք է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի քաղաքացիների իրավունքների հանարավոր խախտումները վեր հանվեն, լիազորությունների չարաշահման հնարավոր բոլոր դեպքերը եւ դրանք թույլ տված անձինք ենթարկվեն պատասխանատվության:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
Իրավաբան.net