ՀՀ ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարում է.
1. Հայաստանի Հանրապետությունում գործող վարչախմբի կողմից օրենքի կամայական մեկնաբանումը, արդարության բացակայությունը, մարդու իրավունքների զանգվածային սահմանափակումները, աղմկահարույց հանցագործությունների, այդ թվում՝ Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների չբացահայտումը, կոռուպցիան, հովանավորչությունը և բազմաթիվ այլ ապօրինություններ ՀՀ քաղաքացիներին ստիպում են ավելի ու ավելի հաճախ մտածել արդարություն հաստատման զինված միջոցների մասին:
2. Ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման պատասխանատվությունը կրում են ՀՀ գործող իշխանություններն ու իրավապահ մարմինները։ ՀՀ իրավապահ մարմիններին և «Սասնա ծռեր» խմբի անդամներին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, բացառել ուժային գործողությունները՝ հետագա զոհերից խուսափելու համար։
3. Դատապարտում ենք իշխանությունների կողմից Հայաստանի տարբեր մարզերում եւ Երեւանում քաղաքացիների զանգվածային ձերբակալությունների փաստերը, որոնց մասին վկայում են մամուլում տեղ գտած բազմաթիվ հրապարակումները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդ ձերբակակությունները որակում է որպես ՀՀ օրենսդրության և մարդու իրավունքների կոպիտ խախտում:
4. ՀՀ պատկան մարմիններից պահանջում ենք բացատրություն «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի տեսակցությունը արգելելու վերաբերյալ:
5. Անհրաժեշտ է անցկացնել հետաքննություն և պարզել համացանցային ռեսուրսների, այդ թվում՝ սոցիալական ցանցերի և էլեկտրոնային լրատվամիջոցների անջատումների մասին տեղեկություններն ու հանգամանքները, որոնք կարող են դիտվել որպես տեղեկատվության ազատ տարածման և ստանալու իրավունքի կոպիտ խախտում։ Դատապարտում ենք ՊՊԾ գնդի մերձակա տարածքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների գործունեության արհեստական սահմանափակումները։
6. Կուսակցությունը վերահաստատում է հավատարմությունը ներքաղաքական հարցերի ոչ բռնի լուծման ռազմավարությանը եւ շարունակում է համոզված մնալ, որ երկրում հաստատված վստահության խորը ճգնաժամը պետք է հաղթահարվի քաղաքական ճանապարհով:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ցավակցում է զոհված ՀՀ Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի հարազատներին, մտերիմներին, ծառայակիցներին: ՔՊԿ-ն շուտափույթ ապաքինում է մաղթում նույն իրադարձությունների ժամանակ վիրավորումներ ստացած բոլոր անձանց:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչություն
17 հուլիսի, 2016թ.