Այսօր վարչական դատարանը դատավոր Կարինե Բաղդասարյան նախագահությամբ ըստ Մերուժան Մկրտչյան հայցի ընդդեմ ՀՀ ոստիկանության ՃՈ անցկացրեց թիվ ՎԴ/4656/05/12 դատական գործով նախնական նիստ:
Հայցի էությունը կայանում է հետևյալում` հայցվորի էստոնաբնակ բարեկամը, հայցվորի ավտոմեքենայով 2012թ. ապրիլի 12-ին երթևեկել է Քասախ գյուղից դեպի Երևան տանող երկրորդական ճանապարհով: Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնի մոտ տեղադրված արագաչափը արձանագրել է արագության գերազանցում: Հայցվորի խոսքերով` իր ավտոմեքենայի արագությունը չի գերազանցել Հայաստանի Հանրապետության տարածքում բնակավայրերից դուրս թույլատրելի առավելագույն արագությունը (90 կմ/ժ), այն ինչ արագաչափն արձանագրել է բնակավայրերում սահմանված առավելագույն թույլատրելի արագության (60 կմ/ժ) խախտում:
Ըստ հայցվորի` ճանապարհի նշված հատվածում առկա է միայն երկու տեղեկատվության նշան` Քասախ գյուղի սկզբանամասում` բանակավայրի ռեժիմ սահմանող և գյուղի վերջում, որը սահմանում է բնակավայրից դուրս ռեժիմ: Տվյալ նշանները տեղադրված են արագաչափից առաջ: Հենց բնակավայրից դուրս ռեժիմով երթևեկել է հայցվորի ավտոմեքենան, երբ արագաչափը արձանագրել է խախտումը: Հայցվորը նաև ընդունեց, որ Երևան քաղաքի բնակավայրի ռեժիմ սահմանող նշանը տեղադրված է արագաչափից առաջ, բայց այն ուղղության վրա, որով երթևեկել է հայցվորի ավտոմեքենան, տվյալ նշանը բացակայում էր:
Պատասխանող կողմը`ՀՀ ոստիկանության ՃՈ ներկայացուցիչը նշեց, որ Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնը գտնվում է Երևանի վարչական սահմաններում և այդ պատճառով հայցվորը պետք է պահպաներ բնակավայրի ռեժիմը:
Նիստի ընթացքում կողմերը հանդես եկան բացման խոսքով, ինչպես նաև հայցվորը ներկայացրեց նոր ապացույց` ՀՀ ոստիկանության ՃՈ կողմից իրեն տրված պատասխանը, համաձայն որի արագաչաձի գտնվելու հատվածում 2012թ. հունիսի 15-ին տեղադրվել են 60 կմ/ժ առավելագույն արագություն սահմանող` արգելող նշան:
Դատարանը կատարեց ապացուցման բեռի բաշխում` հայցվորը պետք է ապացուցի, որ Քասախ գյուղը ավարտվում է նախքան արագաչափը, իսկ ՀՀ ոստիկանության ՃՈ, որ Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնը գտնվում է Երևանի վարչական սահմաններում, ինչի մասին ՀՀ ոստիկանության ՃՈ ներկայացուցիչը պարտավորվեց բերել տեղեկանք:
Դատարանը արգելեց դատական նիստի լուսանկարահանումը, քանի որ լուսանկարահանման հնարավորությունը սահմանված չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով:
Դատարանը դատական գործով նշանակել է դատաքննություն, որը տեղի կունենա նոյեմբերի 20-ին:
Իրավաբան.net-ի հանրային թղթակից Կարեն Քոչարյան
Աղբյուրը` Իրավաբան.net