Վարորդի պարտականություններն` ըստ օրենքի

Ճանապարհային երթևեկւթյան անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի համաձայն` վարորդը պարտավոր է.

ա) երթևեկությունն սկսելուց առաջ ստուգել`

1) տրանսպորտային միջոցի տեխնիկական զննություն անցած լինելու կամ անօրինական վերասարքավորված չլինելու փաստերը.

2) արգելակային համակարգի, ղեկային կառավարման, լապտերների և հետին եզրաչափային լույսերի (օրվա մութ ժամանակ, անբավարար տեսանելիության պայմաններում) կամ վարորդի դիմացի ապակեմաքրիչի (անձրևի կամ ձյունաթափի ժամանակ), կցման հարմարանքի (ավտոգնացքի կազմում) սարքինությունը, ինչպես նաև անվադողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրության համապատասխանությունը սահմանված նորմերին: Նշված պահանջը տարածվում է տրանսպորտային միջոցի վարորդի վրա նաև երթևեկության ընթացքում.

բ) ոստիկանության ծառայողի պահանջով՝

1) օրենքով սահմանված դեպքերում ոստիկանության ծառայողներին չխոչընդոտել տրանսպորտային միջոցը և բեռը՝ իր ու քաղաքացիների ներկայությամբ զննելու համար (զինվորական տրանսպորտային միջոցների զննումը կատարվում է համապատասխան մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ).

2) ոչ սթափ վիճակում գտնվելու բավարար հիմքերի առկայության դեպքում ենթարկվել համապատասխան ստուգման՝ սթափության վիճակը որոշելու համար (զինվորական տրանսպորտային միջոցների վարորդների սթափության վիճակը որոշվում է համապատասխան մարմնի ներկայացուցչի ներկայությամբ).

գ) օժանդակելու նպատակով տրամադրել տրանսպորտային միջոցը՝

1) ոստիկանության ծառայողներին՝ շտապ բժշկական օգնության կարիք ունեցող անձանց բժշկական հաստատություն տեղափոխելու համար.

2) բուժաշխատողներին, որոնք բուժօգնություն ցույց տալու համար մեկնում են համընթաց ուղղությամբ (վարորդի համաձայնությամբ).

3) ոստիկանության ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով.

դ) ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակցություն ունենալու դեպքում՝

1) անմիջապես կանգնեցնել տրանսպորտային միջոցը, ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված կարգով միացնել վթարային լուսային ազդանշանը և չտեղաշարժել ինչպես տրանսպորտային միջոցը, այնպես էլ վթարի հետ կապված առարկաները (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում հետվթարային անվտանգությունն ապահովելու նպատակով պետք է միացված լինեն նաև օգնության համար դեպքի վայրին անմիջապես մոտ կանգնեցված տրանսպորտային միջոցների վթարային լուսային ազդանշանները).

2) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ տուժածներին առաջին բժշկական օգնություն ցույց տալու, «Շտապ բժշկական օգնություն» կամ մասնագիտացված այլ ծառայություն կանչելու համար, իսկ ծայրահեղ դեպքերում՝ համընթաց շարժվող կամ իր տրանսպորտային միջոցով տուժածներին մոտակա բուժհիմնարկ տեղափոխել, այնտեղ հայտնել իր ազգանունը, տրանսպորտային միջոցի գրանցման համարանիշը (ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ կամ վարորդական իրավունքի վկայական և տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիր), որից հետո վերադառնալ պատահարի վայր.

3) չորրորդ մասով սահմանված կարգով ազատել երթևեկելի մասը, եթե մյուս տրանսպորտային միջոցների երթևեկությունը խոչընդոտված է.

4) պատահարի մասին հայտնել ոստիկանություն և սպասել ոստիկանության ծառայողների ներկայանալուն:

3. Երկրորդ մասի «գ» կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում վարորդի կողմից տրանսպորտային միջոցը կամովին չտրամադրելիս ոստիկանության ծառայողն իրավասու է նրան հեռացնելու տրանսպորտային միջոցի վարումից և օգտագործելու տրանսպորտային միջոցը: Նշված պահանջը չի տարածվում օպերատիվ ծառայություններին, դիվանագիտական, հյուպատոսական, օտարերկրյա պետությունների ներկայացուցչություններին, միջազգային կազմակերպություններին և հաշմանդամներին պատկանող տրանսպորտային միջոցների վարորդների վրա:

Ոստիկանության ծառայողները տրանսպորտային միջոցների վարորդներին կարող են հեռացնել դրանց վարումից նաև օրենքով սահմանված այլ դեպքերում։

4. Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժողներ չկան, ապա վարորդները, պատահարի իրավիճակի գնահատման փոխհամաձայնությամբ, կարող են նախօրոք կազմել ու ստորագրել վթարի սխեման, ներկայանալ մոտակա ճանապարհապարեկային ծառայության պահակետ կամ ոստիկանության տարածքային մարմին՝ պատահարը սահմանված կարգով ձևակերպելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել