Այսօր Երևանի Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Մանուշակ Պետրոսյանի նախագահությամբ քննվեց քրեական գործը, ըստ մեղադրանքի Արմեն Զորիկի Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դաժան վերաբերմունքի ճանապարհով իրենից հոգեբանական և նյութական կախվածության մեջ գտնված Ջերմուկ քաղաքի բնակչուհի, 1979 թ. ծնված Լարիսա Բաբկենի Աղջոյանին անուղղակի դիտավորությամբ հասցրել է ինքնասպանության:
Ըստ մեղադրանքի` Արմեն Վարդանյանը, 2011թ. հունվար ամսից մինչև օգոստոս ամիսն ընկած ժամանակահաատվածում Լարիսա Աղջոյանի հետ գտնվելով սիրային հարաբերությունների մեջ, հանդիսանալով մոտ 3 ամսեկան հղիություն ունեցող Լարիսա Աղջոյանի պտղի հայրը, հանցավոր բացարձակ անբարոյական և ցինիկ պահվածք է ցուցաբերել նրա հոգեվիճակի նկատմամբ, վերջինիս հետ ամուսնանալու խոստման դիմաց, իրեն իսկ օգնելու նպատակով Լարիսա Աղջոյանի կողմից կեղծիք կատարելու` վարկային պայմանագրում հորաքրոջ` Էլիզա Աղջոյանի փոխարեն ստորագրելու, նաև ոչ ոսկյա զարդեր գրավադրելու միջոցով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Ջերմուկի մասնաճյուղից վերցրած վարկը մարելուն որևէ կերպ չի օժանդակել և քայլեր չի ձեռնարկել, հրաժարվել է նշված վարկի գումարը վերադարձնել, որևէ գործողություն չի կատարել Լարիսա Աղջոյանին ստեղծված իրավիճակից հանելու համար, անտեսել է նրա հղիության մեջ գտնվելը, փաստացի իր իսկ պատճառով ստեղծված դժվարին և անտանելի դրության ժամանակ հրաժարվել է ինչպես Լարիսա Աղջոյանի կողքին կանգնելուց, այնպես էլ երեխայից, իր այդ գործողություններով հոգեկան ծանր տառապանքներ է պատճառել Լարիսա Աղջոյանին, ինչի արդյունքում վերջինս չհամակերպվելով իր նկատմամբ ցուցաբերած անսպասելի դաժան վերաբերմունքին, այլ ելք չգտնելով ստեղծված իրավիճակից դուրս գալու` կեղծիքի բացահայտման պայմաններում խոշոր չափի գումար հայթայթելու և հետագա բարդություններից խուսափելու նպատակով բանկի վարկը մարելու համար, կյանքին վերջ տալու նպատակով 01.08.2011թ. խմել է քացախաթթու տեսակի հեղուկ, ինչի հետևանքով հաջորդ օրը մահացել է:
Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանը վճռել էր Արմեն Զորիկի Վարդանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ նշանակել պատիժ ազատազրկման ձևով 2 (երկու տարի 6 ամիս ժամկետով:
Արմեն Զորիկի Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը փոփոխել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը և նրան կալանքի վերցնել դատական նիստերի դահլիճից, պատժի կրման սկիզբը հաշվել 2012թ. հուլիսի 24-ից: Սակայն Ամբաստանյալի պաշտպան Ա.Ումրշատյանի կողմից վերաքննիչ բողոք է ներկայացրել: Բողոքը վերաբերում է նյութական և դատավարական նորմերի խախտմանը:
Մեղադրող Խաչիկյանը առարկեց պաշտպանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի դեմ և դատարանին խնդրեց վերաքննիչ բողոքը մերժել:
Դատարանը լսելով պաշտպանի վերաքննիչ բողոքը և դատախազի կողմից ներկայացված առարկությունը` հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Դատաքննության ժամանակ հրապարակվեց որոշման եզրափակիչ մասը, վերաքննիչ դատարան որոշեց վերաքննիչ բողոքը մերժել: Դատավորը չթույլատրեց դատական նիստի ժամանակ նկարել` պատճառաբանելով, որ հարդարված չէ:
Հանրային թղթակից` Արա Ղարագյոզյան
Աղբյուրը` Իրավաբան.net