Մենք պետք է կոռուպցիան արմատախիլ անենք մյուս համակարգերում. Հայաստանի դատախազություն

Մեկ րոպե լռությամբ ու ոտնկայս. դատախազության աշխատողի օրը հուլիսի 1-ին մեկնարկեց Արցախյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակի հարգանքի տուրքով: Դատախազությունն արդեն 98 տարեկան է: Օրը ոչ այնքան տոնական է, որքան աշխատանքային:

«Դատախազությունում յուրաքանչյուրի կատարած աշխատանքը, դրա արդյունքը պայմանավորված է բոլորի կատարած աշխատանքով, և նույնն էլ թերացումները, եթե որևէ օղակում դատախազը թերացել է իր ծառայողական պարտականությունների մեջ, դա անպայմանորեն անդրադառնում է բոլորի աշխատանքի արդյունավետության վրա»,- իր համակարգի աշխատակիցներին դիմելով՝ ասաց Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նա արձանագրեց, որ վերջին տարիներին դատախազությունը մեծ արդյունքներ է արձանագրել:

Գևորգ Կոստանյանը շեշտեց՝ այս համակարգում կոռուպցիան արմատախիլ է արվել, դատախազությունը ներկայումս իր բոլոր ջանքերը պետք է ուղի երկրում կոռուպցիայի դեմ պայքարին, այսուհետ այն դառնում է համակարգի առաջնահերթությունը. «Այս մի քանի ամիսների ընթացքում, երբ զինվորական դատախազությունն ամբողջությամբ իր ջանքերը գործադրեց պաշտպանության համակարգում կոռուպցիոն դրսևորումների բացահայտման համար, ներկայումս մենք պետք է բոլոր օղակներում ավելի ուժեղացնենք մեր հսկողությունը, ուժեղացնենք դատախազական գործառույթները: Սա արդեն ժամանակի հրամայական չէ, սա արդեն բացարձակ անհրաժեշտություն է»,- ընդգծեց Գլխավոր դատախազը:

Այնուհետև ընթերցվեց պետական մյուս մարմինների ղեկավարների ուղերձները դատախազներին, ինչպես նաև տեղի ունեցավ կոչումների, մեդալների և շնորհակալների պաշտոնական հանձնման արարողություն:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ