Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրում այսօր շարունակվեց Արտակ Նազարյանի մահվան գործով քրեական գործի դատաքննությունը ըստ մեղադրանքի Հակոբ Մանուկյանի, Վահագն Հայրապետյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի, Մխիթար Մխիթարյանի և Հարութիկ Կիրակոսյանի: Դատական նիստին չէին ներկայացել ամբաստանյալներ Հարութիկ Կիրակոսյանի, Ադիբեկ Հավհաննիսյանի և Մխիթար Մխիթարյանի պաշտպանները` Ալվարդ Մնացականյանը և Ազատ Շահբազյանը: Երեկ` սեպտեմբերի 25-ին կայացած դատական նիստի ժամանակ տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը և վերջինիս ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը բացարկ էին հայտնել մեղադրանքը պաշտպանող դատախազ Հարություն Հարությունյանին: Այսօր միջնորդությանը միացան նաև տուժողի իրավահաջորդ Մուշեղ Շուշանյանը, գործով բոլոր ամբաստանյալները և ամբաստանյալներ Հակոբ Մանուկյանի և Վահագն Հայրապետյանի պաշտպանները` Հրանտ Գեւորգյանը և Լեւոն Պողոսյանը: Ռուբեն Մարտիրոսյանը իր միջնորդությունը հիմնավորել էր այն հանգամանքով, որ դատախազը պատշաճ հսկողություն չի սահմանել քրեական գործի նախաքննության նկատմամբ, ինչի հետեւանքով գործը քննվել է բազմաթիվ կոպիտ խախտումներով: Նիստը նախագահող դատավոր Սամվել Մարդանյանը միջնորդությունը քննելու համար հայտարարեց ընդմիջում մինչև ժամը 14:00-ը: Վերսկսելով դատական նիստը` դատարանը մերժեց դատախազին բացարկ հայտնելու տուժողի իրավահաջորդի և նրա ներկայացուցիչների միջնորդությունը, ինչին հետևեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանի մեկ այլ միջնորդություն, այս անգամ դատավոր Մարդանյանին ինքնաբացարկ հայտնելու մասին: Միջնորդությունը քննելու համար կրկին դատական նիստը ընդհատվեց մինչև ժամը 17:00-ը: Դատարանը այս միջնորդությունը նույնպես մերժեց:
Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 9-ին:
Հանրային թղթակից Վահագն Թամրազյան
Աղբյուրը` Իրավաբան.net