Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ քննվեց Սվետլանա Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործը:
Սվետլանա Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հունիսի 3-ին ժամը 14:30-ի սահմաններում Երևանի Արագածի փողոցի 41 տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է հանգուցյալ ամուսնու քրոջ` Վարդուշ Ղազարյանի հետ, որի ընթացքում ձեռքերով ծեծի է ենթարկել նրան և պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, այնուհետև վերցնելով խոհանոցային դանակը, Վ.Ղազարյանից գտնվելով մոտ մեկ մետր հեռավորության վրա` ձեռքի դանակն ուղղել է Վ.Ղազարյանի ուղղությամբ` սպառնալով սպանել վերջինիս` դրանով իսկ ստեղծելով իր սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ:
Դատավորը, լսելով կողմերի կարծիքները, հանրային թղթակցին արգելեց լուսաբանել դատական նիստը:
Տեղեկացնենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի համաձայն`
«1. Քրեական գործերի դատական քննությունը բոլոր դատարաններում դռնբաց է, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի։
2. Դատարանի որոշմամբ դռնփակ դատական քննություն կարող է անցկացվել պետական և ծառայողական գաղտնիքների հետ առնչվող հանցագործությունների գործերով։
Դատարանի նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակիցների միջնորդությամբ բացառիկ դեպքերում, եթե դա չի վնասի արդարադատության իրականացմանը կամ չի հանգեցնի դատավարության հրապարակայնության սկզբունքի չարդարացված սահմանափակմանը, դատարանի որոշմամբ դռնփակ դատական քննություն կարող է անցկացվել նաև՝
1) անձնական և ընտանեկան կյանքին, անձի պատվին և արժանապատվությանն առնչվող հանցագործությունների վերաբերյալ գործերով.
2) անձի սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործերով.
3) քրեական դատավարությանը մասնակցող անձանց կամ նրանց մերձավոր ազգականների պաշտպանության անհրաժեշտության դեպքում։
Դատարանը դռնփակ դատական քննություն կարող է անցկացնել նաև ազգային անվտանգության և հասարակական կարգի պաշտպանության նկատառումներով, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում»։
Հանրային թղթակցին հնարավորություն տրվեց միայն ներկա գտնվել դատական նիստին:
Դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալի պաշտպանի բացակայության պատճառով:
.
Հանրային թղթակից` Սերինե Խաչատրյան
.
Աղբյուրը` Իրավաբան.net