Ոչ պետական բուհերի շրջանավարտները  կստանան պետական նմուշի դիպլոմ

ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանի  հրամանով՝ 2016թ.-ի մայիսի 4-ից հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել են ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ տրամադրելու համար ամփոփիչ ատեստավորման քննություններ՝ բակալավրի կրթական ծրագրով:

Ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու հայտ  են ներկայացրել  193 շրջանավարտներ, որոնց քննությունները կազմակերպվել են 13 բարձրագույն ուսումնական հաստատություններում (6 պետական և 7 հավատարմագրված ոչ պետական)՝ 39 մասնագիտությունների գծով: Համաձայն գործող կարգի՝ տվյալ մասնագիտությունների համապատասխան քննական առարկաների հարցաշարերը նախատեսված ժամկետներում հրապարակվել են:

2016թ. ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու իրավունք ունեցող 189 շրջանավարտներից քննություններին ներկայացել է 159-ը կամ 84.1%-ը: Նրանցից   23-ը /12.2%/ համապատասխան մասնագիտությունների համար նախատեսված առնվազն 1 քննական առարկայից ստացել է “անբավարար” գնահատական, իսկ 30-ը կամ 15.9%-ը  ընդհանրապես չի ներկայացել քննություններին:

Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների 189 շրջանավարտներից բակալավրի կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման քննությունները դրական գնահատականներով հանձնել է 136 մասնակից /71.9%/: ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամանի համաձայն` տվյալ մասնագիտության համար նախատեսված բոլոր ամփոփիչ ատեստավորման քննությունները դրական գնահատականներով հանձնած շրջանավարտների ոչ պետական նմուշի նախկին դիպլոմը փոխարինվելու է համապատասխան մասնագիտության և որակավորման բակալավրի աստիճանի պետական նմուշի դիպլոմով:

ԿԳՆ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել