Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը զեկուցել է Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին ստեղծված օպերատիվ իրավիճակի մասին: Նախարարը տեղեկացրել է, որ ամենօրյա կապի մեջ է գտնվում իր վրացի գործընկերների հետ: Նշվել է, որ վրացական կողմը լայն թափով շարունակում է Վերին Լարս տանող ճանապարհի վերականգնողական աշխատանքները:
Բացի այդ, քննարկվել են նաև Շիրակի մարզի Արթիկ քաղաքում հունիսի 24-ին տեղի ունեցած հեղեղի պատճառած վնասների նախնական ուսումնասիրության արդյունքները: Զեկուցվել է, որ ներկայում վերականգնողական ակտիվ աշխատանքներ են իրականացվում, վերացվում են հեղեղի հետևանքները: Վարչապետը հանձնարարել է սկսել վնասներ կրած արթիկցիների փոխհատուցման գործընթացը և անհրաժեշտ ուժեր ներգրավել՝ հեղեղի պատճառած հետևանքները վերացնելու աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Խորհրդակցության արդյունքում որոշվել է աշխատանքներն իրականացնել երկու փուլով: Առաջին փուլում գումարներ կհատկացվեն հրատապ լուծում պահանջող խնդիրների վերացման համար, այդ թվում՝ քաղաքացիների կրած վնասների փոխհատուցման, ինչպես նաև բնակելի տներին հարակից հեղեղատարի վնասված հատվածների վերանորոգման համար: Երկրորդ փուլում նախատեսվում է հեղետարի ամբողջական ուսումնասիրություն, և ըստ անհրաժեշտության, համապատասխան աշխատանքների իրականացում:
Իրավաբան.net