Վահագնի գյուղի բնակիչ Ն.Քոչինյանի սպանության առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող Ա.Կախյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ դիտավորյալ սպանության համար։
Ն.Քոչինյանի դին հայտնաբերվել է 2016 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 02.00-ին, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհից շուրջ 300 մետր հեռավորության վրա, գլխի շրջանում հրազենային վնասվածքով:
Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, սպանության շարժառիթը։ Նախնական քննության տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնությունում փայտանյութ վաճառելու շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով, կենցաղային հողի վրա Ն.Քոչինյանի հետ 2016 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 01-ի սահմաններում, վիճաբանել է Լոռու մարզի բնակիչ Ա.Կախյանը, որի ընթացքում ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազեն հանդիսացող «ՏՏ» տեսակի ատրճանակով կրակել է Քոչինյանի գլխին։ Ստացած հրազենային վնասվածքից վերջինս մահացել է։
Փետրվարի 22-ին քննիչը որոշում է կայացրել՝ Ա.Կախյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Հունիսի 26-ին՝ ժամը 00:19-ին, Ա.Կախյանը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում և բերման ենթարկվել:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: