Դատապարտվեց 2 տարի 6 ամիս ազատազրկման …

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քննեց քրեական գործն ըստ մեղադրանքի Ռոման Հակոբյանի:

Ռոման Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ խախտելով «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24 հոդվածի 5-րդ և 7-րդ կետերի պահանջներր՝ չունենալով վարորդական իրավունքի վկայական և գտնվելով 0,46 աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում, 2012թ. հունիսի 13-ին, ժամր 01.30-ի սահմաններում, իրեն վստահված «ԲՄՎ» մակնիշի 33 ԼՕ 321 պ/հ ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Գր. Լուսավորիչ փողոցի կողմից Խանջյան փողոցով դեպի Սայաթ-Նովա փողոցի ուղղությամբ։ Հասնելով թիվ 11 շենքի դիմաց՝ թույլ է տվել «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ մասի, ՃԵԿ-ի 65, 66 և 129 կետերի պահանջներին հակասող գործողություններ, այն է՝ գտնվելով ոչ սթափ վիճակում և մեքենան վարելով բնակավայրի սահմաններում գտնվող տվյալ ճանապարհահատվածում երթևեկության համար սահմանված թույլատրելի առավելագույն 60 կմ/ժամը գերազանցող՝ շուրջ 90-100 կմ/ժամ արագությամբ և հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմասով մոտեցող ավտոմեքենայի լապտերների հեռահար լույսից շլանալու պահից սկսած, երթևեկության անվտանգությունն ապահովելու և պատահարի առաջացումը բացառելու համար չի միացրել ավտոմեքենայի վթարային-լուսային ազդանշանը և չփոխելով երթևեկության գոտին, ժամանակին կատարած արգելակումով չի դանդաղեցրել իր ավտոմեքենայի րնթացքը, անհրաժեշտության դեպքում ընդհուպ մինչև մեքենան կանգնեցնելը, ինչի տեխնիկական հնարավորությունն ունեցել է՝ ինքն իրեն զրվելով ավտովթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից, մեքենայի րնթացքի ուղղությունը կտրուկ մանևրել է աջ, որի արդյունքում զրկված է եղել մեքենայի շարժման նկատմամբ կառավարումն ապահովելու տեխնիկական հնարավորությունից, որից ավտոմեքենան դարձել է անկառավարելի, ընկել կողասահքի մեջ, դուրս եկել երթևեկելի մասից և ընդհարվել բորդյուրին, այնուհետև՝ Երևան քաղաքի Խանջյան փողոցի թիվ 32 էլ. սյանը, որի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր Մարգարիտա Հրաչիկի Գիժլարյանին անզգուշությամբ պատճառել է մահ:

Դատական նիստին պաշտպանը հանդես եկավ իր ճառով, համաձայն որի՝ խնդրեց դատարանին իր պաշտպանյալի նկատմամբ սահմանել անազատության հետ կապ չունեցող պատժատեսակ՝ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով և նշանակել փորձաշրջան, քանի որ ամբաստանյալը զղջացել է իր կատարած անզգույշ արարքի համար, ունի դրական բնութագիր, մեկ անչափահաս երեխա, բարձրագույն կրթություն, իր հարազատների նախաձեռնությամբ հատուցվել է գործով  տուժածների վնասները:

Ամբաստանյալն իր վերջին խոսքում խնդրեց դատարանին՝ օրենքի սահմաններում հնարավորինս մեղմ պատիժ կիրառել, քանի որ նա զբաղվում է նպաստավոր գործունեությամբ  և զղջում է իր  կատարած անզգույշ արարքի համար:

 Դատարանը, լսելով կողմերին, վճռեց՝ դատապարտել ազատազրկման Ռոման Հակոբյանին 2 տարի 6 ամիս ժամկետով:

.

Հանրային թղթակից` Զարուհի Հարությունյան

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել