Պաշտոնեական լիազորություններն անցած սերժանտի գործը հետաձգվեց

Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում դատավոր Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ պետք է կայանար դատական նիստ ՍԴ/0167/01/12 համարի գործով:
Գործի շրջանակներում Սուրեն Ֆելիքսի Մխիթարյանին առաջադրվել է մեղադրանք այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ N  զորամասի սերժանտ, անցնելով իր պաշտոնեական լիազորությունների սահմանը, կատարել է գործողություններ, որոնց համար լիազորված չէ ոչ մի պաշտոնյա, և, ելնելով անձնական այլ շահագրգռվածությունից` ծեծի է ենթարկել իր նկատմամբ ստորադրյալ հանդիսացող շարքային Ռուբեն Արթուրի Միքայելյանին (ՀՀ Քրեական օրենսգիրք, հոդված 375, մաս 1-ին):
Ռուբեն Արթուրի Միքայելյանին առաջադրվել է մեղադրանք այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ 60913 զ/մ կոչումով շարքային զինծառայող, ածելիով կատարել է անդամախեղում (ՀՀ Քրեական օրենսգիրք, հոդված 363, մաս 1-ին):
Դատավոր Լ.Աթայանը տեղեկացրեց, որ նիստի մասնակիցները պատշաճ կերպով ծանուցված են նիստի մասին, սակայն չեն ներկայացել դատական նիստին այն պատճառով, որ ամբաստանյալ Սուրեն Մխիթարյանը ներկա պահին զորացրված է, իսկ ամբաստանյալ Ռուբեն Միքայելյանի ներկայությունն ապահովելն անհնար էր, քանի որ նա վիրահատվել է և ներկա պահին գտնվում է ՀՀ ՊՆ Կենտրոնական Զինվորական Հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքում:
Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 3-ին, ժամը 15:00-ին:

 .

Հանրային թղթակից` Արշավիր Խալափյան

.

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել