16 մլն եվրո է պահանջվում տեղամասերում տեսախցիկներ տեղադրելու և ընտրողներին նույնականացման քարտեր տրամադրելու համար

16 մլն եվրո է պահանջում Ընտրական օրենսգրքում քաղաքական կոնսենսուսի արդյունքում ձեռք բերված համագործակցության երկրորդ նախագիծը կյանքի կոչելու համար: Այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Նա տեղեկացրեց, որ երկրորդ նախագիծը երկու կարևոր հարց է լուծում: Առաջին հարցը վերաբերում է տեղամասերում տեսանկարահանելու գործընթացին: Նախատեսվում է, որ տեսանկարահանումը պետք է իրականացվի անշարժ տեսախցիկներով:

Երկրորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է ընտրողների նախագրանցմանը. «Սահմանվում է, որ ընտրությանն իրավունք կունենան մասնակցել բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն նույնականացման քարտ կամ նրանք, ովքեր կգրանցվել են նույնականացման քարտ ստանալու համար»,- նշեց պարոն Հարությունյանը:

նախատեսվող 16 մլն եվրոյից  3 միլիոնը պատրաստակամ է տրամադրել կառավարությունը: Ըստ նախարարի՝ ընդդիմադիր ուժերն ու քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչներ վստահեցրել են, թե մնացած գումարը կարող են տրամադրել նաև դոնոր կազմակերպությունները. «Առ այս պահը մենք վերջնական խոստում չունենք: Կհաջողվի՞ այդ ֆինանսավորումը ապահովել, թե՝ ոչ, դժվար է ասել: Խնդիրը ոչ միայն ֆինանսավորումն է, այլ ժամանակին այդ ֆինանսավորումը ապահովելը, որովհետև բուն գաղափարն այն է, որ մեզ հաջողվի ապահովել գրանցումը նաև այն անձանց, ովքեր ունեն նույնականացման քարտ: Ուստի օրենքի ուժի մեջ մտնելը դարձված է պայմանական, եթե համապատասխան ֆինանսավորում ապահովվի մինչև սեպտեմբերի 1-ը, ապա ԿԸՀ-ն հայտարարությամբ հանդես կգա, իսկ եթե ոչ, սեպտեմբերի 1-ին օրենքը կհամարվի՝ չեղյալ»,- նշեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել