Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Պաշտպանության նախարարության N զորամասի դեղատան պետ, ենթասպա Սուսաննա Եգանյանի դեմ հարուցված քրեական գործի դատական քննությունը:
Դատարանն անմիջապես անդրադարձավ նախորդ օրը պաշտպանության կողմի ներայացրած խափանման միջոցը մեկ այլ խափանման միջոցով փոխարինելու, իսկ դրա մերժման դեպքում` գրավով փոխարինելու մասին միջնորդության քննարկմանը: Կողմերը պնդեցին իրենց դիրքորոշումը խափանման միջոցի փոփոխման հետ կապված:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու համար:
30 րոպե անց, հայտարարված ընդմիջումից հետո, դատարանը հրապարակեց իր որոշումը, որով մերժեց կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելու մասին պաշտպանի միջնորդությունը, սակայն դատարանը որոշեց բավարարվել կալանքը գրավով խոխարինելու մասին միջնորդությունը` որպես գրավի գումար սահմանելով 750.000 ՀՀ դրամ գումար` պաշտպանի միջնորդած 500.000 ՀՀ դրամի փոխարեն:
Ամբաստանյալը դատարանին միջնորդեց արագացված դատաքննություն կիրառել, ինչին կողմերը չառարկեցին: Դատարանը բավարարեց պաշտպանության կողմի միջնորդությունը` արագացված դատաքննություն կիրառելու մասին և անցավ դատական վիճաբանությունների փուլին: Գործով դատախազ Մ.Սարգսյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց գործի քննությունը հետաձգելու խնդրանքով` դատարանից բավարար ժամանակ խնդրելով մեղադրական ճառին պատրաստվելու համար:
Դատարանը բավարարեց մեղադրող կողմի միջնորդությունը և գործի հերթական դատական քննությունը նշանակեց սույն թվականի սեպտեմբերի 28-ին, ժամը 13:00-ին:
Նշենք, որ ամբաստանյալ Սուսաննա Եգանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ 24236 զորամասի (ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ) դեղատան պետ, ենթասպա 17.07.2012թ. ժամը 14-ի սահմաններում կաշառք ստանալու պատրվակով քաղաքացի Արմենակ Ավդալյանից խաբեությամբ հափշտակել է 205.740 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար` վերջինիս որդուն ռազմական ինստիտուտ ընդունելուն աջակցելու և զինվորական ծառայության պիտանելիության մասին բժշկական հանձնաժողովի եզրակացությունն ապահովելու համար:
Հանրային թղթակից՝ Սոնա Հարությունյան
Աղբյուրը՝ Իրավաբան.net