Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-N որոշմամբ հաստատված կարգով:
Համաձայն կարգի 21-րդ կետի կրթության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները ընտրությանը կարող են մասնակցել դիտորդի կարգավիճակով:
Կարգը չի նախատեսում դիտորդների գրանցման ընթացակարգ, (ինչպես և քանի դիտորդ կարելի է գրանցել, ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնել և ինչ ժամկետներում), ինչպես նաև սահմանված չեն դիտորդներին ներկայացվող պահանջներ :
Միաժամանակ, «կրթության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների» սահմանումը կարող է տարակերպ մեկնաբանվել, օրինակ` դիտորդի կարգավիճակով որ կազմակերպությունները կարող են մասնակցել ընտրությանը՝ կրթության բնագավառում գործունեություն իրականացնելու կանոնադրական նպատակներ ունեցող, թե փաստացի գործունեություն ծավալող:
ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ներկայացրեց մի նախագիծ որով առաջարկվում է փոփոխությու փոփոխություններ և լրացումներ կատարել որոշման մեջ: Նպատակն է սահմանել կարգ, որը հնարավորություն կտա գործնականում անխոչընդոտ ապահովելու հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների մասնակցությունը հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների ընտրությանը՝ ապահովելով տնօրենի ընտրության գործընթացների մասին հանրության իրազեկում:
«Այսպիսով դպրոցի տնօրենի ընտրությունները թափանցիկ կիրականացվեն»,- ասաց նախարարը, իսկ վարչապետը համաձայնվեց նրա հետ` հավելելով, որ այս խնդիրը շատ է քննարկվել ու դժգոհություններ առաջ բերել: Հովիկ Աբրահամյանը նաև ընգծեց, որ նման մոտեցում որդեգրելու կարիք շուտվանից էր հասունացել:
Իրավաբան.net