Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, անդրադառնալով վերջերս պատգամավորից շորթման մեղադրանքով ձերբակալված «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հարությունյանի գործին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբ մոտ երկու ամիս առաջ իմ նկատմամբ շորթման համար ձերբակալվեց “Անալիտիկ” կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը, չնայած հասարակության բացարձակ հավանությանը, հայտնվեցին մի քանի հոգի, ովքեր սկսեցին վատաբանել ինձ օրենքով շորթողին պատժելու իմ ցանկության համար: Երբ ձերբակալվեց Անիի հանցակից ու հովանավոր ՀՀ Ոստիկանության կարգապահական խորհրդի արդեն նախկին անդամ, «Արմքրայմնյուզ» կայքի սեփականատեր Արտակ Գալստյանը, և տարիների ընթացքում դրանց զոհը դարձած տասնյակ մարդիկ, օրհնելով մեզ, սկսեցին ցուցմունքներ տալ, բոլորը հասկացան, որ այդ գործում շատ բան կա թաքնված, ու մեծ կծիկ է սկսել քանդվել: Սակայն շուտով տեղի կունենա այնպիսի բացահայտում, որից կցնցվի ողջ հանրությունը, բոլորը կիմանան, թե ինչ էր իրականում թաքնված այդ ամենի տակ, ինչպիսի հրեշավոր հանցախումբ չեզոքացվեց և ինչ կարգի ազգային դավաճանություն կանխվեց: Իսկ ոմանց համար բանտում փտելը փրկություն կլինի, որովհետև դրսում այդ տականքներին տեսնելիս ազգությամբ հայ ցանկացած մարդ կցանկանա ոչնչացնել դրանց, հատկապես ապրիլյան պատերազմից հետո: Սպասեք, բացահայտումը շուտով…»:
Ի պատասխան այս գրառամանը, Անի Հովհաննիսյանի պաշտպան, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը նշում է, որ պատգամավորը ոտնահարում է անմեղության կանխավարկածը. «Որևէ մեկը կգտնվի, որ Ազգային ժողովի պատգամավորին բացատրի, թե ինչ է անմեղության կանխավարկածը: «Շորթող» արտահայտությունը ինքնին քրեաիրավական որակում է, իսկ քանի դեռ առկա չէ օրինական ուժ ստացած դատական ակտ, ապա որևէ մեկը, այդ թվում ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, իրավունք չունի իմ պաշտպանյալի հասցեին արտահայտվել, որպես «շորթողի»: Առավել ևս, որ կարելի է մտածել , որ քրեական օրենսգրքում առկա է նաև սուտ մատնության հոդվածը»: