Ավտոմաքսատանը բացառում են կոռուպցիոն ռիսկերը. մաքսատան պետ Բաբկեն Ղազարյան

«Հայաստան ներկրվող ավտոմեքե­նաների մաքսազերծման ընթացքում կոռուպցիոն ռիսկերի վերհանում» ծրագրով «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» հասարակական կազմակերպությունը նպատակ ունի պարզելու  Հայաստան ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը, դրանց նվազեցման վերաբերյալ հիմնավորված առաջարկներ մշակել և դրանք ներկայացնել ՀՀ կառավարությանն ու ԿԱ ՊԵԿ-ին, բարձրացնել շահառուների իրազեկությունը ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ: Խնդիրների բարձրաձայնման նպատակով ծրագրի շրջանակներում նախատեսվում են նաեւ հարցազրույցներ պատասխանատու մաքսային ծառայողների, ներկրողների, մաքսային կառույցների հետ երբեւէ տարաձայնություն ունեցած քաղաքացիների հետ, իսկ ստորեւ ներկայացվող հարցազրույցը ՀՀ ԿԱ ՊԵԿ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված մաքսատան պետ Բաբկեն Ղազարյանի հետ է։ Վերջինիս հետ զրույցում, ի թիվս այլ հարցերի, փորձ է արվել շոշափել այս բնագավառում կատարվող աշխատանքների ծավալը, առկա խնդիրները, դժվարությունները, կոռուպցիոն հնարավոր ռիսկերը, դրանց կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու դրանց արդյունքը։ Հարցազրույցին ներկա էին եւ որոշ հարցերի շուրջ պարզաբանումներ տվեցին նաեւ  մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ Մհեր Մարտիրոսյանը, ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Սեւակ Մանուկյանը։ 

Վերջին տարիներին տարեկան քանի՞ տրանսպորտային միջոց է Հայաստան ներկրվում, ո՞ր մասը ֆիզիկական անձանց, ո՞ր մասը՝ կազմակերպությունների կողմից։ 

Կարող ենք թվարկել 2013թ.-ից, ՀՀ ներկրվել է թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց կողմից 41 հազար 162 մեքենա, 2014-ին՝ 46 հազար 562 մեքենա, 2015-ին կտրուկ նվազել է ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, 23 հազար 160 մեքենա եւ 2016-ին՝ մինչ այժմ ունենք 3457 թվով մեքենա: 

Մաքսային արժեքի որոշման 6 մեթոդներից որո՞նք են ամենահաճախն օգտագործվողները եւ, ըստ Ձեզ, ինչո՞ւ։ Գործարքի գնի մեթոդով մաքսային արժեքը որոշվել է ավելի շատ ֆիզիկական անձանց, փոքր եւ միջին տնտեսվարողների՞, թե՞ խոշոր ներկրողների կողմից ներկրված տրանսպորտային միջոցների համար։

Առաջին մեթոդ (մաքսային արժեքի որոշումն` ըստ գործարքի գնի մեթոդի),

այսինքն՝ ձեռքբերման գնով, այն գնով, որով քաղաքացին արտահանման երկրից գնել է մեքենան, ներառված է ճանապարհածախսը, բեռնման, բեռնաթափման եւ այլ ծախսեր: Կիրառվել է 2013թ.-ին՝ 2106, 2014-ին՝ 1535, 2015-ին՝ 1008 եւ 2016-ին, մինչ այժմ, 89 գործ։

Երկրորդ մեթոդը մաքսային արժեքի որոշումն է ըստ նույն ապրանքների գործարքի գնի, երբ տրանսպորտային միջոցը նման է՝ կախված արտադրման, արտահանման երկրներից, մոդելային շարժիչների նույն տիպից կամ շարժիչի ծավալով։ 2013թ.-ին ունեցել ենք երեք, 2014-2016թթ. նման գործեր չենք ունեցել։

Երրորդ մեթոդը մաքսային արժեքի որոշումն է ըստ համանման ապրանքների գործարքի գնի, երբ ինչ-որ դետալներով, կամ չափերով, նստատեղերով համանման են մեքենաներն իրար։ 2013 եւ 2015 թվականներին նման գործ չենք ունեցել, 2014-ին եղել է մեկ գործ, այս տարի եւս արդեն մեկը։

Չորրորդ մեթոդը (Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում ապրանքի միավորի իրացման գնի հիման վրա ՀՀ մաքսային uահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքի որոշումը), շուկայական գնի նմանեցումն է։ Այս կերպ 2013թ.-ին գրանցվել է 39 հազար 53 գործ, 2014թ.-ին՝ 45 հազար վեց, 2015թ.-ին՝ 1089 եւ 2016-ին՝ 17 գործ։

Հինգերորդ մեթոդը (մաքuային արժեքի որոշումն` ըuտ հաշվարկային արժեքի) մեր երկրում, ԵՏՄ-ում, ինչպես նաեւ այլ երկրներում ընդհանրապես պետք չի գալիս եւ մենք նման գործ չենք ունեցել նշված տարիներին։

Վեցերորդ մեթոդը մաքuային արժեքի որոշման պահուստային մեթոդն է։ 2013-2014թթ.-ին չենք ունեցել, 2015թ.-ին ունեցել ենք 21 հազար 56 նման գործ, 2016թ.-ին՝ 3350 գործ։ ԵՏՄ անդամ երկիր դառնալու օրվանից է մտցվել եւ կիրառվում այս մեթոդը, որը նախկինում չենք ունեցել, կարելի է ասել՝ շուկայական գնի մեթոդին շատ մոտ մեթոդ է։

Գործարքի գնի մեթոդով մեքենաների խոշոր կամ մանր ներկրողների կողմից մաքսային արժեքի որոշման համար հստակ վիճակագրական տվյալներ չկան, քանի որ հստակ չէ, թե ինչ ենք հասկանում խոշոր ներկրող ասելով, քանի մեքենա պետք է ներկրվի, որպեսզի կարողանանք ասել, որ սա խոշոր ներկրող էր։ Այսպես ասեմ, խոշոր եւ մանր ներկրողներին տեխնիկապես անհնար է առանձնացնել։ Մենք կարող ենք ընդամենը մեկ տողով ասել, որ 2013թ.-ին ընդհանուր 1701 գործ գործարքի գնով ձեւակերպվել է, 2014թ.-ին 1494, 2015-ին՝ 1008, 2016թ.-ին մինչ օրս 89 գործ է ձեւակերպվել այս մեթոդով։

Շուկայական, պահեստային եւ գործարքի մեթոդով տրանսպորտային միջոցի մաքսային արժեքի որոշման դեպքում մաքսազերծման գինը գրեթե նույնն է լինում, կարող ենք նաեւ շատ գործեր հանել, երբ քաղաքացին գործարքի գնով է արել, որովհետեւ իր ներկրած մեքենայի հաշիվ-ապրանքագրի արժեքը բարձր է եղել, այնպես որ, մեր երկրում տրանսպորտային միջոցները շատ մոտ են արտահանող բոլոր գիգանտ ավտոշուկաների գներին։

Նշանակո՞ւմ է դա, արդյոք, որ եթե գործարքի գինը ցածր է լինում, այսինքն մաքսազերծման գինն ավելի քիչ պետք է լինի քան շուկայական գնով մաքսային արժեքի որոշման դեպքում, այդ ժամանակ ներկրողների ներկայացրած տվյալները մաքսավորների կողմից հիմնականում անարժանահավատ են համարվում, իսկ երբ շուկայական գնին մոտ կամ ավելի բարձր է լինում՝ ներկայացված փաստաթղթերն ընդունվում են։ Ներկրողի կողմից ներկայացրած վճարային փաստաթղթերը (մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը ապրանքների տեղափոխման համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրման և համանման այլ ծախսեր) ո՞ր դեպքում մաքսավորները կարող են անարժանահավատ համարել։ Այս գործընթացն ինչպե՞ս է կարգավորվում օրենքով։

Առաջին մեթոդը կիրառվում է, երբ քաղաքացին կամ ներմուծողը ներկայացնում է բոլոր ուղեկցող փաստաթղթերը։ Որո՞նք են համարվում ուղեկցող փաստաթղթեր. բոլոր օրիգինալ փաստաթղթերը, սկսած հաշիվ ապրանքագրից, ճանապարհային վճարներով, մյուս պարտադիր փաստաթղթերը եւ այլն։ Այս ամենի հետ համատեղ քաղաքացու ներկայացրած գինը պետք է մոտ լինի տվյալ մեքենայի կամ բեռի իրական արժեքին։ Օրինակ բերեմ. լինում է դեպք, երբ քաղաքացին 2013թ. արտադրության S դասի մեքենայի համար փաստաթղթեր է ներկայացնում, ըստ որոնց տվյալ մեքենայի համար վճարվել է 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար։ Այո, ճիշտ է, փաստաթղթերն օրիգինալ են, սակայն ճանաչվում են անարժանահավատ, քանի որ տվյալ տրանսպորտային միջոցն աշխարհում որեւէ տեղ չի կարող այդքան արժենալ։ Գոյություն ունի գին, նման մեքենան կարող է 90-100 հազար ԱՄՆ դոլար արժենալ, հնարավոր է 70 հազարով էլ գտնել եւ գնել, սակայն ոչ մի կերպ հնարավոր չէ 10 հազարով։ Միանշանակ երեւում է, որ տվյալ անձն «ինքնուրույն» է իր պայմանագիրը կնքել եւ ստորագրել՝ կեղծել է։ Այս գործընթացը միանշանակ կարգավորվում է օրենքով։ Եթե մաքսային մարմինը չի կարողանում լուծում գտնել քաղաքացու հետ կամ քաղաքացին չի կարողանում՝ նման գործերը գնում են դատարան եւ քննվում. եթե մաքսային մարմինների կողմից սխալմամբ մերժված գործ է լինում՝ անպայման օրենքի սահմաններում լուծվում է այս հարցը։ Այդ ընթացքում արդեն մենք, կլինի Ամերիկա, կլինի աշխարհի որեւէ այլ երկիր (բոլոր երկրների հետ մաքսային մարմիններն աշխատում են), նամակ ենք ուղարկում՝ խնդրելով գտնել այն քաղաքացուն կամ ֆիրմային, որը վաճառել է տվյալ մեքենան։ Ամենաուշը 1-1,5 ամիս հետո տվյալ պետությունից պատասխանն ստանում ենք, որ գործարքը կնքվել է ոչ թե 10, այլ 95 հազար ԱՄՆ դոլար գումարով։ Ոստիկանության եւ Ինտերպոլի հետ շատ սերտ համագործակցում ենք։

Այն դեպքում, եթե ներկայացված փաստաթղթերն անարժանահավատ ճանաչելուն են հակված մաքսավորները, քանի որ որոշ ներկրողների կողմից մեքենայություններ կարող են լինել, արդյո՞ք բարեխիղճ ներկրողների շահերը չեն կարող տուժել։ 

Հստակ թիվ կա դրված, բազայում ֆիքսված շուկայական գնի 80 տոկոսն ապահովելու դեպքում ոչ մի խնդիր քաղաքացին չի կարող ունենալ։

Շուկայական գինը ձեւավորվում է ՀՀ շուկայի գներից, մյուս համաշխարհային ավտոշուկաների ուսումնասիրության արդյունքում են որոշվում գները։ Երկրներն էլ կարող եմ թվարկել. դա Ռուսաստանի Դաշնությունն է, որն այսօր շատ էժան շուկա է առաջարկում, Դուբայն է, ԱՄՆ-ն, Ճապոնիան եւ եվրոպական երկրները։ Թվարկածս պետություններից կարողանում ենք վերցնել իրական շուկայական գին, եւ մեր կողմից առաջարկված գները 95 տոկոսով համընկնում են իրական ավտոշուկայի գների հետ։ Հնարավոր է, մեր աշխատանքի ընթացքում (ունենք 30-40 հազար անուն ապրանք) 1-2 կամ 10 դեպք լինել, սակայն նման դեպքերում քաղաքացին անմիջապես կանգնեցնում է ձեւակերպումը, դեմ է լինում մեր կողմից առաջարկված գնին եւ անցնում ենք հաջորդ քայլին՝ քաղաքացու հետ միասին գնային բազան ուսումնասիրելու գործին։ Մեր բազան ենք ուսումնասիրում՝ Հայաստանի, եթե ասում է, որ այս մեքենան գնել է, ենթադրենք, Գերմանիայից՝ խնդրեմ, ունենք գերմանական 16 կայք, որտեղ գներն իրական են, այցելում եւ ուսումնասիրում ենք գները։ Եթե հայտնաբերվում է, որ իրականում տվյալ մոդելը հնարավոր է էժան գնով ձեռք բերել՝ անպայման մեր մոտից գրություն է ուղարկվում վերադաս մաքսային մարմին՝ ՊԵԿ, խնդրանքով, որպեսզի տվյալ մոդելի գինը վերանայվի, քանի որ համաշխարհային ավտոշուկայում դրա գնի իջեցում է տեղի ունեցել։ Վերադաս մաքսային մարմնի թույլտվությունից հետո քաղաքացու տրանսպորտային միջոցը մենք կձեւակերպենք այն գնով, որն իրականում կա եւ այսուհետ էլ նման մեքենաները կձեւակերպվեն այդ գնով։ Երեք ամիսը մեկ բազան անպայման թարմացվում է: Ոչ թե ամբողջ բազան է փոխվում, այլ իր մեջ փոխվում են այն մոդելների գները, որոնց գների փոփոխություն է տեղի ունեցել, սակայն նման ճշտումներն, այնուամենայնիվ, քիչ են լինում. մեքենան այն բանը չի, որպեսզի երեք ամիսը  մեկ գոնե բազայի 10 տոկոսը փոփոխություններ կրի, կարող է փոփոխության կարիք լինել միայն 1-2 տոկոսի դեպքում։

Հայաստան տրանսպորտային միջոցներ ներկրողների ո՞ր մասն է օգտվում մաքսային միջնորդների, բրոքերական կազմակերպությունների ծառայություններից, իսկ ո՞ր մասն է ինքնուրույն լրացնում մաքսազերծման հայտարարագիրը։ 

Իրավաբանական անձանց կողմից ինքնահայտարարագրում լրացրել է 2013թ.-ին 22, 2014թ.-ին՝ 19, 2015-ին՝ 19 կազմակերպություն։  2016թ.-ին մինչ այժմ արդեն 6 կազմակերպության կողմից է ինքնահայտարարագրում կատարվել։

Ֆիզիկական անձանց կողմից 2013-2015թթ.-ին եղել է մեկական գործ, իսկ 2016-ին դեռեւս չի եղել։ Մյուսները բոլորն օգտվել են բրոքերների ծառայություններից։ 

Ըստ ներկայացված թվերի՝ մեծամասնությունն օգտվում է միջնորդների ծառայություններից։ Դրա պատճառների վերաբերյալ Ձեր կարծիքը։ 

Ասեմ ինչի համար. մինչ բրոքերային ինստիտուտի կայանալը քաղաքացիներն ինքնահայտարարագրում էին, որպես հայտարարագրող հանդես է եկել քաղաքացին։ Շատ էին գրանցվում դեպքեր, երբ մաքսային կանոնների խախտում էր արձանագրվում եւ քաղաքացին տուգանվում էր մաքսային արժեքի 100 տոկոսի չափով։ Նման դեպքեր շատ-շատ էին լինում եւ նախընտրելի է հիմա, որպեսզի օգտվեն բրոքերային ինստիտուտի ծառայություններից, քանի որ այդ դեպքում հայտարարագրման մեջ ոչ մի պատասխանատվություն չեն կրում։ Եթե կա խախտում՝ խնդրեմ, բրոքերային ինստիտուտը թող պատասխան տա, քանի որ որպես հայտարարագրող հանդես է գալիս բրոքերը։ Ցանկության դեպքում քաղաքացին կարող է ինքնուրույն լրացնել հայտարարագիրը. դիմում եք ներկայացնում վերադաս մաքսային մարմին՝ կոմիտե, որ ես, այսինչ-այսինչյանս, ներմուծել եմ մեքենա, տիրապետելով անհրաժեշտ ծրագրին (այնտեղ հարցաշար կա) խնդրում եմ տրամադրել համապատասխան կոդ, որպեսզի կարողանամ ինքնահայտարարագրել ներկրված ավտոմեքենան։

Մաքսային օրենսդրության վերաբերյալ քաղաքացիների ցածր իրազեկվածության մակարդակը, տեղեկացված չլինելն ինչպե՞ս կարող է խանգարել մեքենան մաքսազերծելիս, մաքսային մարմինների հետ առնչվելիս, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում իրազեկության մակարդակը բարձրացնելու համար։

Միանշանակ շատ օգուտ է, մեր քաղաքացիներին եւ մեզ, տեղեկացվածությունը մաքսային օրենսգրքի վերաբերյալ։ Կարող եմ ասել, որ մեզ հետ առնչվող քաղաքացիները տոկոսային առումով 70-75 տոկոսով տեղյակ են, մյուսները մասամբ են տեղյակ։ Չտեղեկացված քաղաքացիների համար այն ինֆորմացիան, մաքսային օրենսգրքի այն կետերը, որոնք ուղղակիորեն կարող են կապված լինել նրանց հետ, փակցված է «Նորագավիթ» մաքսատան առաջին հարկում տեղադրված տեղեկատվական գրատախտակի վրա։ Այնտեղ ազատ շրջանառության ռեժիմի մասին օրենքի հոդվածի կետն է տեղադրված, արտահանման, ներմուծման, պահեստ, ժամանակավոր պահպանություն եւ այլն, այսինքն առանձնացրել ենք այն ռեժիմները, որը քաղաքացին պետք է իմանա։ Բոլորը, ում դա կարող է վերաբերվել, կարծում եմ, տեղեկացված են, գիտեն, օրինակ, թե ժամանակավոր ռեժիմը խախտելու դեպքում ինչ տուգանքներ են հաշվարկվում, ազատ շրջանառություն ռեժիմը խախտելու դեպքում՝ ինչ տուգանքներ եւ տույժեր են հաշվարկվում… 

Տեղեկացվածության մի մեծ շերտ կարող էր ապահովել թեժ գծի հեռախոսահամարի արդյունավետ աշխատանքը եւ մաքսային ծառայության կայքը, սակայն կարծիքներ կան, որ կայքից օգտվելը, անհրաժեշտ տեղեկատվությունն արագ գտնելն անփորձ այցելուների համար փոքր-ինչ դժվար է։ 

Կայքը ոչ թե բարդ է իր արտաքին տեսքով կամ անհնար է օգտվելը, այլ մեր կողմնորոշիչ գների հետ աշխատանքը, մեքենաների տվյալ մոդելների հետ աշխատանքը խիստ մասնագիտական է, այսինքն, մաքսային տեսուչի աշխատանքը, ով նստած է համակարգչի դեմ եւ պետք է որոշի մեքենայի հստակ գինը, դա մասնագիտություն է։ Քաղաքացիները պարտավոր չեն մաքսային տեսուչի մասնագիտություն, որակավորում ունենալ։ Նաեւ հնարավոր չէ այնպես ֆիլտրել եւ ցուցադրել կայքում այդ ամբողջ ինֆորմացիան, որպեսզի հասանելի լինի բոլորին։ Չնայած կայքում դրված է եղել, որ մինչեւ 5 տարի առաջ արտադրված մեքենաների համար մինչեւ 32 տոկոսի է հասնում մաքսային արժեքը, 5-10 տարի՝ մինչեւ 34 տոկոս եւ այլն, հաշվարկվում են գույքահարկի վճար, բնապահպանական վճար, ժամկետանց լինելու դեպքում՝ տույժեր, աջ կամ ձախ կողմում գտնվող ղեկ եւ այլն… այս ամենը խիստ մասնագիտական է, այն աստիճանի, որ անգամ տեսուչը երբեմն կարող է սխալվել եւ ճիշտ չհայտարարագրել։ Քաղաքացին գնում է մեքենան, կայքում փնտրում, մոտավոր հաշվարկներ անում եւ դրա հիման վրա, օրինակ, ԼՂՀ-ից կամ Կապանից գալիս հասնում Երեւան՝ գրպանում ունենալով որոշակի գումար, քանի որ այդպես է հաշվարկել։ Իսկ երբ բանից պարզվում է, որ այդ մեքենան մաքսազերծելն ավելի արժե, քան այն գումարը, որը քաղաքացին նախատեսել է դրա համար՝ շատ մեծ խնդիր է առաջանում։

Ունենք երեք տեղեկատու հեռախոս, անձամբ իմ կողմից եւ վերադաս մարմնի՝ կոմիտեի կողմից լրջորեն վերահսկվում է ոչ միայն այս մաքսատան, այլ, ընդհանրապես, բոլոր մաքսատների եւ մաքսակետերի շուրջօրյա ծառայության հեռախոսահամարները, որոնք պետք է անպայման աշխատեն։ Եթե չաշխատեն՝ դա արդեն մեծ խնդիր է։ Եթե հեռախոսահամարները զբաղված են լինում, ապա միայն զանգերի եւ քաղաքացիների կողմից առաջադրված հարցերի մեծ քանակի հետ է կապված։ Պարզ ասեմ, մենք ի վիճակի չենք 10 պատուհան, 10 հեռախոսավարուհի ունենալ, եւ ծանրաբեռնվածություն կարող է լինել։ 

Ինչպես Ձեզ հայտնի է, ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության չորս թիրախային ոլորտներից է պետեկամուտների հավաքագրման ոլորտը։ Անշուշտ լուրջ վերլուծությունների արդյունքում են որոշվել այդ թիրախները։ Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ, ի՞նչ կոռուպցիոն ռիսկեր եք դիտարկում եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում դրանք հնարավորինս նվազեցնելու համար։

Ավտոմաքսատանը վերաբերող կոռուպցիոն ռիսկերի մասին. միայն ու միայն կարողանում ենք հայտնաբերել վթարված, ջարդված, կտրված մեքենաների վերաբերյալ։ Այլ մասով կոռուպցիոն ռիսկ՝ անհնար բան է, բացառված է, փակ է, հնարավոր չի, որովհետեւ մեր կողմից գինը ֆիքսելուց հետո հաջորդ օրն, անպայման, բոլոր ձեւակերպումները մաքսային տեսուչների եւ բաժնի պետի, մաքսատան պետի կողմից ամբողջը նորից վերանայվում է, խախտում հայտնաբերելու դեպքում՝ անվավեր է համարվում եւ նորից հայտարարագրում է կատարվում։ 

Այս հարցի մասին իր կարծիքն արտահայտեց նաեւ մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ  Մհեր Մարտիրոսյանը, ով ներկա էր հարցազրույցին։ 

Նայած՝ ինչը ինչի հետ ենք համեմատում։ Եթե Դուք այստեղ եղած լինեիք տարիներ առաջ, ասենք՝ երեք տարի առաջ եւ հիմա, ապա ահռելի տարբերություն կա։ Բնականաբար այն բոլոր կոռուպցիոն ռիսկերը, որոնք երբեւէ մեր կողմից նույնացվել են, մենք դրանց դեմ աշխատել ենք եւ դրանք արդեն չկան։ Այն, ինչը մենք ռիսկային տեսնում ենք, արդեն չկա, որը տեսնում ենք՝ վերացնում ենք։ Դրա համար նաեւ համագործակցում ենք հասարակական կազմակերպությունների հետ, ուշադիր ենք մամուլի նկատմամբ, հասարակության կողմից հնչող ահազանգերի, ուշադրության արժանացող հարցերի նկատմամբ, որպեսզի, եթե հանկարծ որեւէ ռիսկ կա՝ դրա դեմ պայքարենք։ 

Բաբկեն Ղազարյան. Երեք տարի առաջ նմանատիպ խնդիր կար, ունեցել ենք, քաղաքացին փորձել է արտահանող երկրում մեքենան երկու մասի բաժանել եւ այդպես ներմուծել՝ համաձայնության գալով մեր մաքսային տեսուչներից մեկի հետ։ Մենք դա կարողացել ենք կանխել, տվյալ մաքսային ծառայողն էլ քրեական պատասխանատվության է ենթարկվել՝ սահմանված կարգով կրել օրենքով նախատեսված իր պատիժը։ Դրանից հետո նման դեպք չի կրկնվել, քանի որ աշխատակիցները հասկացել են, որ ղեկավարությունը կարողանում է նման խնդիրները գտնել, մեղավորներին՝ պատժել, իսկ նման գործընթացից հետո ոչ մի մաքսային ծառայող նման հիմարության այլեւս չի գնա։ Մենք մոռացել ենք այդ մասին, չգիտենք դա ինչ բան է։

Սեւակ Մանուկյան. Դուք տեսաք, որ տեսախցիկներ են տեղադրված, դահլիճն ընդհանրապես բացված է, պատուհաններ են տեղադրված, ոչ թե մեքենա ներկրողներն առաջվա նման անցնում են տարբեր սենյակներով։ Նաեւ համապատասխան ընթացակարգերն են պարզեցվել, տեղեկատվությունն ազատ է. այս ամենը, եթե չասենք իսպառ բացառում են, ապա խիստ նեղացնում են այդ սահմանները, այսինքն որեւէ հնարավորություն չի թողնվել։

Բաբկեն Ղազարյան. Նախկինում քաղաքացիները մաքսավորների հետ շփվում էին փոքր սենյակներում, փակ դռների ետեւում, մաքսային տեսուչն ու քաղաքացին առանձնանում էին, եւ այդտեղ շատ բան հնարավոր էր։ Այժմ փորձել ենք այդ ամենը բացել. մեկ ընդհանուր դահլիճում է ամեն ինչ կատարվում, որտեղ բոլորը բոլորին տեսնում են։ Այստեղ ո՛չ մաքսային ծառայողը կարող է ինչ-որ բան ակնկալել քաղաքացուց, ո՛չ էլ քաղաքացին կարող է առանձին խոսակցության բռնվել տեսուչի հետ։ Նման գործողություններով մենք կարողացել ենք կոռուպցիոն ռիսկերը վերացնել։

Մհեր Մարտիրոսյան (Մաքսային կարգավորման մասին օրենքի վերաբերյալ իրազեկության բարձրացման մասին). Հասարակությանն իրազեկել՝ նշանակում է տեղեկատվություն տալ, ինչի համար մենք ունենք հատուկ մասնագիտացված ստորաբաժանում՝ լրատվական ծառայությունը, որն իր գործը շատ լավ կատարում է, պարբերաբար տեղեկատվություն է հրապարակում։ Չկա նման տեղեկատվություն, որը քաղաքացին ցանկանում է ստանալ եւ այն փակ է։ Ցանկացած տեղեկատվություն մաքսային գործարքների վերաբերյալ՝ թե՛ օրենսդրական կարգավորումների մասին, թե՛ ենթաօրենսդրական ակտեր, կարելի է մեկ-երկու րոպեում գտնել, այդ թվում՝ նաեւ ՀՀ մաքսային ծառայության կայքում։ Բացի այդ, մենք ունենք նաեւ զանգերի կենտրոն, որի հեռախոսահամարը հրապարակված է թե՛ կայքում, թե՛ բոլոր ստորաբաժանումների գտնվելու վայրերում։ Եթե քաղաքացին ունի որեւէ բարդություն, դժվարություն, չի կողմնորոշվում ինչ-որ մաքսային գործառնության շրջանակներում, նա ուղղակի հավաքում է այդ հեռախոսահամարը եւ զանգերի կենտրոնի աշխատողն ուղղորդում է նրան, հուշում, թե ինչ է պետք անել։ Ունենք թեժ գիծ։ Եթե որեւէ մեկը մտածում է, որ ապօրինություն է կատարվում իր հետ, եթե ինչ-որ բարդ իրավիճակում է հայտնվել, ապա կարող է զանգահարել, տեղեկացնել ու անմիջապես միջամտությունը լինում է։

Հարցազրույցը վարեց՝ Վահագն Անտոնյանը 

Մաքսային ծառայության թեժ գծի հեռախոսահամարն է (010) 53-55-73 

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատու հեռախոսահամարներն են +374 (60) 54 46 57, +374 (60) 54 44 44

«ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԿՐՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԱՔՍԱԶԵՐԾՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԻ ՎԵՐՀԱՆՈՒՄ» ծրագիրն իրականացնում է «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» հասարակական կազմակերպությունը` «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ գործարկվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրով տրամադրված փոքր ենթադրամաշնորհների շրջանակներում:

Ծրագրի բյուջեն կազմել է 1 924 000 ՀՀ դրամ, որից 1 328 000 ՀՀ դրամը տրամադրվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից: Ծրագրի տևողությունն է` 2016թ. ապրիլի 1-ից մինչև 2016թ. հուլիսի 31-ը:

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորման և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համաֆինանսավորման շրջանակներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել