Արդարադատության նախարարությունն առաջարկում է անձանց վերջին կացարան ունենալու հնարավորությունից չզրկել

Ներկայումս կատարողական վարույթն ավարտելուց հետո (բացառությամբ եթե վարույթն ավարտվել է պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը վերադարձնելու դիմումի հիման վրա) պարտապանի գույքի վրա դրված արգելանքները պահպանվում են անժամկետ, ինչը խնդիր է առաջացնում այն դեպքում, երբ տեւական ժամանակ պահանջատերն այլեւս հետաքրքրություն չի ցուցաբերում կատարողական թերթի պահանջների կատարման նկատմամբ եւ չի դիմում կատարողական վարույթը վերսկսելու համար: Արձանագրում է կառավարությունը նոր նախագծում, որը ներկայացվել է Ազգային ժողով:

Արդարադատության նախարարությունն առաջարկում է` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով բռնագանձման արդյունքում պարտապան ֆիզիկական անձանց վերջին կացարան ունենալու հնարավորությունից չզրկել:

Ըստ նախագծի հեղինակների` անհրաժեշտություն է առաջանում կարգավորում նախատեսել նաեւ այն դեպքերի համար, երբ միակ բնակարանի արժեքի 75 տոկոսը բարձր լինի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից, սակայն «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարկադիր աճուրդի (այդ թվում՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդի) արդյունքում այն իրացվի ավելի ցածր գնով:

Գործող կարգավորման պայմաններում պարտապանի միակ բնակարանը (որոշակի արժեքի սահմաններում) չի ներառվում բռնագանձման ոչ ենթակա գույքի կազմում, ինչի արդյունքում պարտապան ֆիզիկական անձը իր ողջ գույքի վրա բռնագանձում տարածվելու դեպքում կարող է մնալ անօթեւան:

Սույն Նախագծի կարգավորումների համատեքստում անհրաժեշտ է անդրադարձ կատարել նախեւառաջ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության (ընդունվել է 1952 թվականի մարտի 20-ին) 1-ին հոդվածով պաշտպանվող սեփականության իրավունքին:

Համաձայն հիշյալ հոդվածի՝ «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության եւ այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:»:

Ինչպես բխում է ամրագրումից, սեփականության իրավունքը, այնուամենայնիվ, բացարձակ իրավունք չէ: Այն ենթակա է սահմանափակումների, որոնք հստակ նկարագրված են 1-ին արձանագրության 1-ին հոդվածում: Գույքից անարգել օգտվելու իրավունքին միջամտությունը կարող է թույլատրվել միայն, եթե այն.

1. նախատեսված է օրենքով,

2. բխում է հանրային շահից,

3. անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում:

Նախագծին կարող եք ծանոթանալ` այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել