Մերի Մարգարյանի մահվան գործը դատարանում է

Ինչպես հայտնել էինք, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը վերադարձել էր ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր մահվան գործը մեղադրող դատախազին՝ մեղադրական եզրակացության մեջ թերությունների առկայության պատճառով:

«Դատալեքս» դատական տեղեկատվական կայքից տեղեկանում ենք, որ գործն արդեն իսկ ընդունվել է վարույթ: Հետևաբար, ենթադրվում է, որ թերությունները շտկվել են մեղադրողի կողմից:

Գործը քննվելու է հիշյալ դատարանի դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ: Ամբաստանյալի աթոռին են «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանը և Անի Բաբելյանը: Շուշանիկ Բախշյանի հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է գրավը, իսկ Անի Բաբելյանի հանդեպ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում որպես մանկաբարձ-գինեկոլոգ, այսինքն` հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, 2015թ. փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել Մերի Վաղինակի Մարգարյանի հղիությունը:

Պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաև ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:

Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում որպես մանկաբարձ-գինեկոլոգ, այսինքն` հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, 2015թ. հուլիսի 25-ին բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաև ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:

Դեռևս դատական նիստի օր չի նշանակվել:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել