Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնների (ՇՊԱԿ) ազգային ցանցը` որպես ՀԿ-ների կողմից կառավարվող հակակոռուպցիոն կենտրոններ, գործում են Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում: Նրանք, ովքեր դարձել են կոռուպցիայի զոհ կամ կոռուպցիոն դրսևորումների են հանդիպել, կարող են դիմել, ստանալ անվճար խորհրդատվություն և աջակցություն:
iravaban.net-ի հարցերին պատասխանում է Շիրակի մարզի ՇՊԱԿ-ի համակարգող/իրավախորհրդատու Գայանե Գևորգյանը:
-Շիրակի մարզում երբվանի˚ց է գործում ՇՊԱԿ-ը:
Շիրակի մարզում ՇՊԱԿ-ը գործում է 2008 թվականից, սակայն 2010 թվականի օգոստոսից գործարկվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից:
-Հիմնականում ի˚նչ խնդիրներով են մարդիկ դիմում կենտրոն:
Դե, խնդիրները բավականաչափ տարբեր են: Բայց, նկատի ունենալով մեր աղետի գոտու հանգամանքը, ավելի շատ բնակարային և սոցիալական հարցերով:
-Ինչպե˚ս եք իրականացնում մարդկանց իրավունքների և շահերի պաշտպանությունը:
Առաջինը` խորհրդատվություն, իրավաբանական աջակցություն տրամադրելով, անհրաժեշտության դեպքում իրավաբանական փաստաթղթեր կազմելով: Կոռուպցիոն գործերով նաև անվճար փաստաբանական ծառայությունների մատուցում, իսկ եթե կարիք եղավ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում նաև ուղեկցում ենք քաղաքացիներին:
-Շիրակի մարզում մարդիկ որքանո˚վ են տեղեկացված իրենց իրավունքներից:
Տեղեկացվածությունը բավական բարձր է վերջին ժամանակաշրջանում: Նկատի ունենալով տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների, հանձին` մեր կողմից իրականացվող միջոցառումների, հանդիպումների:
-ՇՊԱԿ-ի կողմից ձեռնարկվո˚ւմ են միջոցներ հասարակության իրավագիտակցության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:
Մենք «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի շրջանակներում ունենք հանրային իրազեկման սեմինարներ, համայնքային հանդիպումներ, բուկլետների և տեղեկատվական թերթիկների բաժանում: Կամավորների ներգրավմամբ իրականացնում ենք բացօթյա միջոցառումներ, որի ընթացքում տարածում ենք տեղեկություններ և’ իրավունքների վերաբերյալ, և’ ՇՊԱԿ-ի:
-Ի˚նչ հաջողված պատմություններ ունեք, որոնք լուծվել են ՇՊԱԿ-ի օգնությամբ:
Բավականաչափ շատ են: Հաջողված պատմություններ կան տարբեր ոլորտներում: Ճանապարհային ոստիկանության հետ կապված դեպք ունենք, երբ անձն անհիմն տուգանվել էր վարչական ակտով: Վերականգնվեց անձի իրավունքը: Աշխատանքից ազատման և աշխատանքի վճարման հետ կապված հաջողված պատմություններ:
-ՇՊԱԿ ստացված դիմում- բողոքների վերլուծության հիման վրա` մարզում ավելի շատ ո˚ր ոլորտներում են առկա կոռուպցիոն ռիսկեր:
Մարզում ավելի շատ բարձր է բնակարանային ապահովության հետ կապված խնդիրները: Վերջին ժամանակներում ըստ բողոքների ուսումնասիրությունների` խնդիրները բավականաչափ շատ են կրթական ոլորտում:
Նունե Հովսեփյան