ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը 2013թ. եղել է Արարատի մարզպետ: Պաշտոնը զբաղեցնելով նա հայտարարագրել է երկու բնակարան, անհատական բնակեի տուն, բազմաբնակարան բնակելի շենք (մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինությունը), բազմամյա տնկի, հողամաս և հասարակական նշանակության շինություն:
Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի տվյալների` պարոն Գրիգորյանը նաև հայտարարգրել է 4 մեքենա՝ LEXUS LS 600 HL, VAZ 2121, MITSUBISHI PAJERO IO 2.0 և ZIL MMZ-45021:
Բացի այդ երեք կետով հայտարարագրել է բաժնեմասեր: Նա նաև ունեցել է 810 մլն դրամ, 300 հազար ռուբլի և 776 հազար դոլար:
Բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտներ բաժնում նախկին մարզպետը 3 կետերով հայտարարագրել է շահաբաժիններ՝ 29 մլն, 7 մլն և 3,7 մլն դրամի, ինչպես նաև այլ եկամուտներ՝ 52 մլն դրամի, իսկ աշխատավարձը տարվա կտրվածքով ընդամենը 734 հազա դրամ:
Բնապահպանության նախարարի պաշտոնը Արամայիս Գրիգորյանը ստանցել է 2014թ.-ին:
Պաշտոնը, ըստ էության, դրական ազդեցություն է ունեցել պարոն Գրիգորյանի դրամական միջոցների վրա:
Այսպես` 2015թ. վերջում նա ունեցել է 960 միլիոն դրամ, 300 հազար ռուբլի ու 776 հազար դոլար:
Նախարարի կնոջ դրամական միջոցները կազմել են 365 մլն դրամ, տարվա մեջ նա ստացել է նաև այլ եկամուտներից գումարներ, օրինակ՝ 2015թ.-ի ընթացքում 38 մլն դրամի չափով:
Այսպիսով Արամայիս Գրիգորյանը ամենահարուստ նախարարն է՝ ըստ հայտարարագրած դրամական միջոցների, անգամ որոշ ԶԼՄ-ների կողմից ամենահարուստ համարվող՝ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն այսչափ դրամական միջոցների չեն տիրապետում:
Իրավաբան.net