Կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկում երկրում իրավիճակը փոխելու ուղղությամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում խորհրդարան-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նա ասաց, որ ներկայումս ակտիվ քննարկումներ են ընթանում:
Այդ քայլերից մեկը ապօրինի հարստացման քրեականացումն է:
Դավիթ Հարությունյանը նախ ասաց, որ մինչև սեպտեմբերի ԱԺ նստաշրջանը գործադիրը նախատեսում է օրենսդրական փաթեթ ներկայացնել, այդ փաթեթում կընդգրկվի հայտարարագրերի գործընթացին վերաբերող նախագիծ:
Ոչ պակաս կարևոր է ապօրինի հարստացման քրեականացումն է՝ համահունչ կոնվենցիոն դրույթների. «Ապօրինի հարստացման քրեականացնելու ամենակարևոր խնդիրը հետևյալն է՝ ըստ կոնվենցիայի այն փոքր-ինչ խախտում է անմեղության կանխավարկածը, արդյոք դա համահունչ է Սահմանադրությանը, թե՝ ոչ: Սա լուրջ քննարկման հարց է: Կան երկրներ, որոն համարել են, որ անմեղության կանխավարկածը խախտվում է, որովհետև այն պետական ծառայողը, որի գույքի ավելացումը չի համապատասխանում առերևույթ նրա եկամուտներին, ինքը պարտավոր է ապացուցել, թե ինչ օրինական աղբյուրներից է նա օգտվել: Անմեղության կանխավարկածը առաջին հայացքից խախտվում է, սակայն կա դատական պրակտիկան: Այդ բոլոր ուսումնասիրություններն են իրականացվում»,- նշեց նա՝ հավելելով, որ կան առաջարկություններ գնումների օրենսդրության հետ կապված:
Նա վերջում ընդգծեց. «Մենք պատրաստվում ենք սեպտեմբեր ամսին խորհրդարան ներկայացնել հակակոռուպցիոն բավականին լուրջ փաթեթ, որն ընդգրկում է այդ ոլորտի բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ»: