Արարատ Հովհաննիսյանին, Լևոն Ղազարյանին և Սրապ Կարապետյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ Արարատ Հովհաննիսյանը իրացնելու և իր գործածման նպատակով անհայտ հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել մեթամֆետամին և հաշիշ տեսակի թմրամիջոցներ, որոնցից 2013թ. հոկտեմբերի 1-ից 16-ն ընկած ժամանակահատվածում, տարբեր օրերի, մեկական դեպքով, հյուրասիրելու և վաճառելու եղանակով ապօրինի իրացրել է Լևոն Ղազարյանին:
Բացի այդ, վերջինիցս տեղեկանալով իր ծանոթ Սրապ Կարապետյանի կողմից մեթամֆետամին տեսակիթմրամիջոց ձեռք բերելու մտադրության մասին, ընդառաջելով Լևոն Ղազարյանի խնդրանքին՝ իր կողմից թմրամիջոց իրացնելու հանգամանքը Սրապ Կարապետյանից թաքցնելու պայմանով և վերջինիս թմրամիջոց իրացնելու դիտավորությամբ, նույն ժամանակահատվածում 5 դեպքով, վաճառելու եղանակով Լ.Ղազարյանի միջոցով ապօրինի թմրամիջոց է իրացրել Սրապ Կարապետյանին: Դրանից բացի, դեռևս չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերի՝ 2.992 գրամ մետամֆետամին տեսակի թմրամիջոց պարունակող փոշեբյուրեղային նյութ: Դրանից հետո 2013թ. հոկտեմբերին Լ.Ղազարյանին և Ս.Կարապետյանին թմրամիջոց իրացնելու դիտավորությամբ Լ.Ղազարյանից ստացել է Ս.Կարապետյանի տված 50.000 դրամ գումարը, ինչի դիմաց վաճառելու եղանակով իրացրել է հաշիշ տեսակի թմրամիջոց, որը նրանք ծխելու եղանակով գործածել են:
Գործը քննվում էր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ:
Դատարանը վճռեց ամբաստանյալներից երկուսին արդարացնել, իսկ Արարատ Հովհաննիսյանի մեղադրանքը վերաորակվեց և վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկում 12 տարի ժամկետով:
Դատական նիստի ընթացքում արդարացվածների հարազատներն արտասվում էին դահլիճում, իսկ ազատազրկման դատապարտվածի հարզատները դեռ երկար ժամանակ չէին լքում դատարանի շենքը, նրանք նաև կոնֆլիկտի մեջ մտան դատական կարգադրիչների հետ:
Իրավաբան.net