«Մենք Հայաստանի բարեկամն ենք ու գործընկերը». Եվրոպայի օրը` Երևանում

Երևանում այսօր տեղի ունեցավ Եվրոպայի օրվա տեղեկատվական ցուցահանդեսը, որին մասնակցում էր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ԵՄ անդամ երկրների դեսպանները:

Ցուցահանդեսին ներկայացված էին 41 տաղավարներ, այդ թվում՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի տաղավարը:

«ԵՄ-ն Հայաստանի ամենամեծ դոնորն է: Ամեն տարի մենք ծախսում ենք շուրջ 50 միլիոն՝ որպես ԵՄ: Մեր գործունեության շրջանակը շատ լայն է: ԵՄ-ն պարզապես բարեգործական նախաձեռնություն չէ, մենք բանկոմատ չենք, որը կանխիկ գումար է տալիս: Մենք Հայաստանի բարեկամն ենք ու գործընկերը և օգնում ենք Հայաստանին արդիականացնել իրեն, մշակել ճիշտ քաղաքականություն, օգնում ենք Հայաստանի հասարակությանը ու կառավարությանը էլ ավելի լավ ապագա կառուցելու համար», – ասաց դեսպան Սվիտալսկին:

Նրա խոսքերով՝ այս տարի Եվրոպայի օրվա տոնակատարությունների կենտրոնում երիտասարդությունն է. «Հայաստանի առավել պայծառ ապագան ապահովելու են հենց երիտասարդները», – շեշտեց դեսպանը:

Իսկ երիտասարդությունն այսօր յուրահատուկ եղանակով ներկայացրեց իր պատրաստակամությունը` Հայաստանը դարձնել ավելի լավ երկիր:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի անդամները, բացի քաղաքացիներին տեղեկատվական թերթիկներ տրամադրելուց և նրանց հետ զրուցելուց, հակակոռուպցիոն պայքարի մասին վիկտորինա անցկացրեցին՝ հաղթողներին շնորհելով մրցանակներ:

Նրանք նաև կարճ մնջախաղ-բեմականացում էին կազմակերպել: Ներկայացման թեման կոռուպցիան էր և դրա դեմ պայքարը, իսկ պայքարի մեթոդները` ճկուն և արդյունավետ օրենսդրական դաշտի մշակումը՝ ապօրինի հարստացման քրեականացման ինստիտուտի ներդրմամբ, ու ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը:

Գևորգ Թոսունյան

Ալեքսանդր Սարգսյան

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ