Ի՞նչ կենսագրություն ունի գեներալ-լեյտենանտի կոչում ստացած Հայկ Քոթանջյանը

Ինչպես հայտնել էինք հունիսի 2-ին ՀՀ նախագահի հրամանագրով Հայկ Քոթանջյանին շնորհվել է  գեներալ-լեյտենանտի կոչում: Ներկայացնում են ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ – պաշտպանության նախարարի խորհրդական,  քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արտակարգ դեսպանորդ ու լիազոր նախարար Հայկ Քոթանջյանի կենսագրությունը:

Ծնվել է 1945 թ. Լենինականում (ներկայումս Գյումրի):

Կրթություն և գիտական գործունեություն
• 1971 թ., լինելով Լենինյան թոշակառու, բացարձակ գերազանցությամբ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը, 1979 թ.` Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցը (բացարձակ գերազանցությամբ):
• 1981 թ. ավարտել է ԽՄԿԿ Կենտկոմի Հասարակական գիտությունների ակադեմիայի ստացիոնար ասպիրանտուրան` Սոցիալական հոգեբանության ամբիոնում, պաշտպանելով մենեջմենտի հոգեբանության ամերիկյան տեսությունների գծով ատենախոսություն և ստանալով փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
• 1992 թ. ավարտել է ՌԴ Նախագահին կից Կառավարման ռուսաստանյան ակադեմիայի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ստացիոնար դոկտորանտուրան՝ ազգային անվտանգության քաղաքագիտության գծով՝ ստանալով քաղաքական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 1990 – 1992 թթ. եղել է նույն ակադեմիայի ավագ գիտաշխատող: 1993 – 1995 թթ. եղել է Հայաստանի պետական Ճարտարագիտական համալսարանի սոցիալական գիտությունների և մակրոտնտեսության դեպարտամենտի տնօրեն՝ 1993 թ. ստանալով նույն համալսարանի քաղաքագիտության պրոֆեսորի կոչում:
• 1996 թ. գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Ռուսաստանի Դաշնության Ռազմական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (Ազգային անվտանգության և աշխարհաքաղականության բաժանմունք)։
• 1998 թ. ավարտել է Ջորջ Մարշալի անվան Անվտանգության ռազմավարական հետազոտութունների եվրոպական քոլեջը /Գերմանիա/, 2001 թվականին՝ ՌԷՆԴ կորպորացիայի Մագիտրոսական դպրոցի «Պաշտպանական ռազմավարական վերլուծություններ» ծրագիրը /ԱՄՆ/, 2003-2004 թթ. գիտական ստաժավորում է անցել ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանում, 2007 թ. մասնակցել է Հարվարդի համալսարանի Սևծովյան ավազանի անվտանգության ծրագրին, 2008 թ. ընտրվել է Ջորջ Մարշալի անվան Անվտանգության ռազմավարական հետազոտութունների եվրոպական քոլեջի լավագույն շրջանավարտ, 2010 թ. գիտական ստաժավորում է անցել Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան Պետական կառավարման դպրոցում որպես հրավիրված հետազոտող, 2011 թ. գիտական ստաժավորում է անցել ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում որպես առաջատար հրավիրված պրոֆեսոր, 2012 և 2014 թթ. մասնակցել է Իսրայելի Գալիլեայի միջազգային կառավարման ինստիտուտում կայացած «Ազգային անվտանգություն» ծրագրին, 2013 թ.` Վաշինգտոնում կայացած ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի շրջանավարտների հավաքին և միջազգային գիտաժողովին, 2015 թ.` ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի կողմից կազմակերպված «Կիբեռանվտանգություն: Քաղաքականության և տեխնոլոգիաների խաչմերուկում» խորագրով ծրագրին, 2015 թ. ՀՀ ԲՈՀ-ից ստացել է պրոֆեսորի կոչում:

Աշխատանք և ծառայություն
• 1971–1978 թթ. աշխատել է Հայաստանի ԼԿԵՄ Երևանի քաղկոմի բաժնի վարիչ, ՀԼԿԵՄ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար, ՀամԼԿԵՄ ԿԿ կոմերիտական մարմինների բաժնի Ղազախստանի գծով պատասխանատու կազմակերպիչ, Հայաստանի ԼԿԵՄ ԿԿ առաջին քարտուղար:
• 1981–1990 թթ. աշխատել է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի գիտության և ուսումնական հաստատությունների բաժնի վարիչի տեղակալ, Հայկական ԽՍՀ պրոֆեսինալ-տեխնիկական կրթության պետական կոմիտեի նախագահ (Նախարար, Կառավարության անդամ), Հրազդանի շրջկոմի առաջին քարտուղար, Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի տեսուչ (Ղարաբաղյան գործընթացի կուրատոր, Համամիութենական շտաբում` Աղետի գոտուց բնակչության տարահանման գծով Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի պատասխանատու ներկայացուցիչ):
• 1982-1983 թ.թ. մեկուկես տարի տևողությամբ Աֆղանստան գործուղման ընթացքում, լինելով ԽՄԿԿ ԿԿ-ի Դեսպանորդ-Խորհրդական, ծառայել է որպես Աֆղանստանում խորհրդային քաղաքականության ռազմավարական վերագնահատմամբ զբաղվող մշտական հանձնաժողովի համադասող։ Եղել է Աֆղանստանի գիտությունների ազգային ակադեմիայի ստեղծման նախագծի համադասողը:
• 1992 թ. ստեղծել է ՀՀ ՊՆ առաջին Ռազմական քաղաքականության բաժինը, որը հետագայում կերպափոխվել է՝ Արտաքին կապերի և ռազմական համագործակցության վարչության (1996 թ.), եղել է տվյալ կառույցների հիմնադիր ղեկավարը, հեղինակել է ՀՀ ազգային անվտանգությանը վերաբերող ռազմավարական տրամաչափի առաջին՝ «ՀՀ ռազմական քաղաքականության հիմքեր. Ազգային անվտանգության ռազմաքաղաքական տեսանկյունը» մշակումը:
• 1994 թ. հիմնադրել է ՀՀ ՊՆ «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսը, 1995-1998 թթ. ստեղծել է ՀՀ ԶՈՒ ռազմական դիվանագիտության համակարգը՝ զինվորական կցորդությունների ցանցի կազմակերպմամբ, 1998-2002 թթ. ստեղծել և ղեկավարել է ԱՄՆ-ում առաջին ՀՀ ռազմական գրասենյակը՝ ԱՄՆ Պաշտպանության, Ցամակային զորքերի, Օդուժի և Ռազմածովային ուժերի հետախուզություններում հավատարմագրմամբ:
• 2005 թ. հիմնադրել և ղեկավարում է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը:
• 2005-2007 թթ. եղել է Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին Ազգային անվտանգության ռազմավարական միջգերատեսչական մշակման գիտական ղեկավարը, ինչի հիմքում դրվել է իր կողմից ԱՄՆ Պաշտպանական ազգային համալսարանում մշակված «Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մշակման հիմունքները Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության համատեքստում» մենագրությունը։
• 2007 թ. ստեղծել է ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի ռազմավարագիտական հետազոտությունների «Աշխատանքային տետրեր» հանդեսը, 2009 թ. հիմնել է ՀՀ ԶՈՒ համակարգում առաջին ասպիրանտուրան, 2009 թ. ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ին կից գործող Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների գծով թեկնածուի և դոկտորի գիտական աստիճաններ շնորհող 056 Մասնագիտական խորհրդի հիմնադիր նախագահն է, 2011 թ. ղեկավարում է Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան, որի հիմնադիր-ատենապետն է։

Հայկ Քոթանջյանը հայերենով, ռուսերենով, անգլերենով և գերմաներենով տպագրված 10 մենագրությունների հեղինակ է։ Պարգևատրվել է ԽՍՀՄ, ՀՀ, Աֆղանստանի և ԱՄՆ-ի (Legion of Merit) շքանշաններով ու մեդալներով, ինչպես նաև մարտական զենքով։

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ