Ավիատոմսերի գնման նոր համակարգի փորձարկման և գնումների գործընթացի կազմակերպման մասին փոփոխություն է առաջարկում գործադիրը:
Նոր համակարգը նախատեսում է հետևյալ դրույթները՝
- ավիատոմսերի գնման նոր համակարգի փորձարկման նպատակով պիլոտային աշխատանքներում ընդգրկված հանրապետական գործադիր մարմինները իրենց կարիքների համար ավիատոմսերի ձեռք բերումն իրականացնում են govtravel.am ինտերնետային կայքի միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ ամրագրումը կատարելու օրը համակարգը տեխնիկական պատճառով չի գործում 6 ժամից ավել ժամանակահատվածի ընթացքում: Նման իրավիճակում թույլատրվում է ավիափոխադրում իրականացնող կազմակերպությունների պաշտոնական կայքերում հրապարակային օֆերտայով առաջարկվող ավիատոմսերի՝ էլեկտրոնային եղանակով ձեռքբերում:
- ավիատոմսերի գնման նոր համակարգի փորձարկման նպատակով պիլոտային աշխատանքներում ընդգրկված հանրապետական գործադիր մարմիններն են՝ ՀՀ կառավարության աշխատակազմը, ՀՀ ֆինանսների նախարարությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, ՀՀ արդարադատության նախարարությունը:
Իրավական ակտի նպատակն է իրավական հիմքեր ստեղծել պետական կարիքների համար ավիացիոն ծառայությունների գնումների կազմակերպման նպատակով «Ամադեուս» ընկերության հետ էլեկտրոնային համակարգի փորձարկման նպատակով պիլոտային աշխատանքների իրականացման համար:
Ըստ նախագծի՝ ներկայումս ավարտին է մոտենում «Ամադեուս» ընկերության հետ պետական կարիքների համար ավիատոմսերի ամրագրման միասնական էլեկտրոնային հարթակի ներդրման աշխատանքների իրականացումը: Առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսվում են որոշակի կազմակերպչական աշխատանքներ, որից հետո համակարգը փաստացի կարող է հանձնվել սկզբնական շրջանում պիլոտային, իսկ կարճ ժամանակ անց նաև լիարժեք շահագործման:
Կառավարությունում գտնում են, որ համակարգի լիարժեք շահագործման համար ներկա փուլում բացակայում են դրա կիրառումը ապահովող իրվական ակտերը:
Նախագիծը կառավարության անդամներին ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը տեղեկանալով, որ մրցույթում շահել է «Ամադեուս» ընկերությունը, մտահոգություն հայտնեց: Ըստ նրա՝ այսկերպ խնդիրները կարող են չլուծվել, այլ հակառակը՝ ավելանան. «Եթե միայն «Ամադեուս»-ից եք տոմս գնելու, ստացվում է, որ նրանք կարող են մենաշնորհային դիրք զբաղեցնել և թանկ տոմսեր առաջարկել, ինչը չեք նկատի: Այնպես չլինի, որ մենք ընկնենք մի իրավիճակում, որ ունքն ուղղելու տեղը աչքը վնասենք»,- կարծիք հայտնեց Վիգեն Սարգսյանը:
Դավիթ Հարությունյանը հակադարձելով՝ նշեց. «Ամադեուս»-ը տոմս վաճառող չէ, երբ ամրագրեցիք համակարգը, անմիջապես դրանից հետո ընդամենը մենք գնում ենք կոնկրետ ավիաընկերություն, այնպես որ այն ուսումնասիրվել է, սերտիֆիկացված է»,- շեշտեց նախարարը:
Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ չնայած ներկայումս այս պիլոտային ծրագիրը նախատեսվում է մի քանի նախարարությունների համար, սակայն մեկ ամիս անց իրենք առաջարկելու են այն կիրառել բացառապես բոլոր պետական մարմինների նկատմամբ՝ անկախ նրանից, թե ինչ իշխանության ճյուղ է ներկայացնում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը առաջարկեց 1-2 օր նորից քննարկել, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան: