ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առաջիկա երեք տարիներին կգործադրեն համատեղ ջանքեր՝ Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության բարելավման ուղղությամբ: Հայնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ից:
Գործընկերները համատեղ քայլեր կձեռնարկեն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվելիք երեխաների իրավունքների պաշտպանության մասնագիտացված բաժնի կարողությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև կուսումնասիրեն երեխաների կողմից դիմումների և բողոքների ստացման մեխանիզմը: Կմշակվեն 2016-2018թթ. երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտի առաջնահերթություններն ու ընդհանուր ռազմավարությունը:
«Երեխաների իրավունքների հուսալի պաշտպանությունը մեր երկրի զարգացման կարևորագույն ռազմավարական ուղղություն է: Այդ նկատառումով պայմանավորված՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվելու է Երեխաների իրավունքների պաշտպանության մասնագիտացված բաժին: Մենք պատրաստ ենք իրականացնել նախաձեռնողական աշխատանք՝ այս ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և դրանց լուծմանը նպաստելու համար: Ընդ որում, այդ ընթացքում նախատեսում ենք ակտիվորեն համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ դա դիտարկելով իրական արդյունքներ արձանագրելու կարևոր գրավական», – հատուկ միջոցառման ընթացքում նշեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը ողջունում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում երեխաների իրավունքների հարցերով զբաղվող հատուկ բաժնի ստեղծման նախաձեռնությունը: Այն կարող է կենսական դեր ունենալ Հայաստանում երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտի հետագա զարգացման գործում՝ կապող օղակ հանդիսանալով ոլորտի դերակատարների միջև՝ առավել խոցելի երեխաների խնդիրները բարձրաձայնելու գործում», – ասաց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ տկն. Ռադոչայը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը ջերմորեն շնորհավորում են բոլոր մանուկներին երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթելով առողջություն և անհոգ մանկություն: