Հայաստանի և Շվեյցարիայի միջև վիզաների տրամադրումը դյուրացվում է

ՀՀ կառավարության՝ հունիսի 2-ի նիստին քննարկման է դրվել«Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրին հավանություն տալու մասին հարցը: Համաձայնագիրը ստորագրվել է 2016 փետրվարի 29-ին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից:

Համաձայնագրի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին 180 օր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավել ժամանակահատվածով որոշակի նպատակներով Շվեյցարիայում գտնվելու համար: Եթե Հայաստանը վերականգնի վիզայի պահանջները Շվեյցարիայի քաղաքացիների կամ որոշ կատեգորիաների համար, ապա նույն դյորացումները, որոնք Համաձայնագրով շնորհվել են Հայաստանի քաղաքացիներին, ինքնաբերաբար, փոխադարձության սկզբունքի հիման վրա, կկիրառվեն Շվեյցարիայի համապատասխան քաղաքացիների նկատմամբ:

Համաձայնագրով նախատեսված՝ վիզայի տրամադրման դյուրացումները Հայաստանի քաղաքացիների համար կիրառվում են այնքանով, որքանով նրանք ազատված չեն վիզայի պահանջից Շվեյցարիայի ազգային օրենսդրությամբ, հիշյալ Համաձայնագրով կամ այլ միջազգային համաձայնագրերով:

Հայաստանի և Շվեյցարիայի ազգային օրենսդրությունը կիրառվում է Համաձայնագրով չկարգավորվող այնպիսի հարցերի նկատմամբ, ինչպիսիք են վիզայի տրամադրման մերժումը, ճամփորդական փաստաթղթերի ճանաչումը, ապրուստի բավարար միջոցների վերաբերյալ ապացույցները, մուտքի մերժումը և վտարման միջոցները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել