Պակիստանի Իսլամական խորհրդի առաջնորդը օրենքի նախագիծ է առաջ քաշել, որը թույլ է տալիս ամուսիններին «թեթևակի» ծեծել իրենց կանանց՝ որպես կարգապահական միջոց: Փոխանցում է CNN-ը:
75 էջից բաղկացած նախագծում խորհրդի առաջնորդ Մուհամադ խան Շերանին առաջարկում է թեթև ծեծել կնոջը, եթե անհրաժեշտություն առաջանա պատժել նրան: Սակայն նախագծով արգելվում է ուժգին ծեծը՝ նշելով, որ միայն փոքր փայտիկն էլ բավական է կնոջը վախ ներշնչելու համար:
Իսլամական գաղափարախոսության խորհուրդը հզոր սահմանադրական մարմին է, որը խորհուրդներ է տալիս Պակիստանի օրենսդիր մարմնին՝ նշելով, թե արդյոք նոր օրենքները համապատասխանում են իսլամի ուսմունքներին թե ոչ:
Ըստ օրենքի նախագծի ամուսինը պետք է իրավունք ունենա թեթևակի ծեծել իր կնոջը, եթե վերջինս չի կատարում նրա հրամանները, հրաժարվում է հագնվել այնպես, ինչպես ամուսինն է ցանկանում, հրաժարվում է սեռական հարաբերությունից առանց որևէ հարգելի պատճառի: Նախագիծը նաև կոչ է անում ծեծել կնոջը, եթե նա հիջաբ չի հագնում, շփվում է անծանոթների հետ, շատ բարձր է խոսում կամ առանց ամուսնու թույլտվության գումար է տալիս մեկ այլ մարդու:
Այն նաև առաջարկում է արգելել կանանց կատարել որոշակի գործողությոններ, այդ թվում կռվել պատերազմի ժամանակ: Սակայն օրենքը թույլատրում է կանանց զբաղվել քաղաքականությամբ և դառնալ դատավորներ: Օրենքի նախագծում նաև նշվում է, որ կանանց չպետք է թույլատրվի ընդունել օտարերկրյա պատվիրակություններին և ընդունել հակաբեղմնավորիչներ առանց ամուսնու թույլատվության:
Իսլամական գաղափարախոսության խորհրդի կողմից առաջադրված օրենքի նախագծերը առաջարկներ են և օրենքի ուժ չունեն մինչև օրենսդիրների կողմից հաստատվելը:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը