Կոռուպցիան բիզնեսի թշնամին է

IMG_3266

Նաիրա Գյուլնազարյան

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հակակոռուպցիոն ծրագրերի համակարգող Նաիրա Գյուլնազարյանի խոսքերով` բիզնես ընկերությունները կոռուպցիայի դեմ պայքարում մեծ ու հզոր ուժ են ներկայացնում. «Չեմ ուզում խոսել այն մասին, թե ինչ վնասակարություն ունի կոռուպցիան մեր երկրում ու ինչ մեխանիզմներ է հարկավոր ներդնել այն նվազեցնելու համար: Ասեմ միայն, որ տնտեսության մեջ շատ կարևոր է ճիշտ համակարգերի կիրառումը, կորպորատիվ կառավարումը, փողերի «լվացումը», այսինքն` կոռուպցիայի հետևանքով առաջացած ֆինանսական հոսքերի դադարեցումը», – ընդգծեց նա` «Բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերը Հայաստանում. արձանագրված ոլորտային խնդիրները և հետագա անելիքները» աշխատաժողովին:

IMG_3273

Կարեն Ազարյան

Հայաստանում ԵՄ պատվիրակության առևտրի հարցերով պատասխանատու Կարեն Ազարյանը ներկաներին վստահեցրեց, որ ԵՄ-ն ոչ միայն խոսքերով է փորձում այդ կոռուպցիայի դեմ պայքարել, այլ նաև հստակ քայլերով, այդուհանդերձ նա կարևորեց խնդիրների մասին բարձրաձայնումը: Ըստ բանախոսի՝ Կոռուպցիան այն հիմնական խնդիրներից մեկն է, որը խոչընդոտում է տնտեսական աճը, կոռուպցիան բիզնեսի թշնամին է, նա խժռում է այն ամենը, ինչ պետք է միտված լինի ներդրումների համար:

ԵՄ պատվիրակության առևտրի հարցերով պատասխանատուն անդրադարձ կատարեց վարչական կոռուպցիայի` նշելով, որ այս ուղղությամբ դրական ձեռքբերումներ կան, մասնավորապես ոստիկանության ծառայությունների սպասարկման ոլորտում:

IMG_3290

Սիրանուշ Կայծակյան

Այս, ինչպես նաև նախորդ տարին նմանաբնույթ քննարկումներն առանձնանում են այն հանգամանքով, որ հենց բիզնես ոլորտն է աջակցություն ցուցաբերում աշխատաժողովի իրականացմանը, տվյալ դեպքում` «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցային համալիրը. «Կարևորում եմ այս միջոցառումը կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում` պետության, բիզնեսի և քաղաքացիական հասարակության մասնակցությամբ»,- շեշտեց այս համալիրի տնօրեն Սիրանուշ Կայծակյանը:

«Բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերը Հայաստանում. արձանագրված ոլորտային խնդիրները և հետագա անելիքները» աշխատաժողովն իրականացվում է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ֆինանսավորմամբ:

Այս աշխատաժողովի իրականացնողները Իրավաբանների հայկական ասոցիացիան ու Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան են, գործընկերները` ՀՀ արդարադատության նախարարությունը և Իմֆորմացիայի ազատության կենտրոնը, միջոցառումը համաֆինանսավորվում է «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցային համալիրի կողմից:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ