Կարեն Զադոյան. «Արդեն ժամանակի պահանջն է, որ առաջադրված խնդիրները լուծենք»

Մենք արդեն շատ քիչ ժամանակ ունենք, որ միայն բարձրաձայնենք, արդեն ժամանակի պահանջն է, որ առաջադրված խնդիրները լուծենք: Խոսելով հակակոռուպցիոն պայքարի մասին այսօր հայտարարեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը:

«Բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերը Հայաստանում. արձանագրված ոլորտային խնդիրները և հետագա անելիքները» աշխատաժողովի ընթացքում նա նշեց, որ ներկայումս կառավարության ներկայացուցիչները հակված են, որ խնդիրներին կոնկրետ ժամանակում լուծումներ տրվեն:

«Այդ կամքը մենք տեսնում ենք ու այդ կամքի արտահայտումն է նաև այն, որ կառավարությունը շատ կարևոր ներկայացուցչական կարգով է մասնակցում միջոցառմանը: Մեզ համար դա շատ կարևոր է, երբ որ մենք մինչ այս հրավիրել ենք կառավարության ներկայացուցիչներին, այո, նրանք չեն մերժել, սակայն ուղարկել են այնպիսի անձանց, որոնք էական դեր չունեն ոլորտում, ղեկավար օղակներում չեն և լուծումներ չեն կարող տալ: Հիմա վերաբերմունքը փոխվել է», – ասաց պարոն Զադոյանը:

Նա նաև կարևորեց հանրային քննարկումների գործընթացը: Բանախոսի փոխանցմամբ` քաղաքացիական հասարակությունը և մյուս շահագրգիռ կողմերը, տվյալ դեպքում բիզնես ոլորտի ներկայացուցիչներն ի սկզբանե պետք է մասնակցություն ունենան այս գործընթացին, եթե կառավարությունը սեփական նախաձեռնությամբ ու մոտեցումներով է մշակում իրավական ակտերը, ապա հետագայում խնդիրներ են ունենում դրանց փոփոխման հետ:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) նախագահը օրինակ բերեց Հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործընթացից: Կառավարությունը Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգը մշակել էր փակ եղանակով` առանց հանրային քննարկումների պրիզմայով անցկացնելով: Սա առաջացրել է նաև քաղհասարակության դժգոհությունը, առաջարկներից մեկը Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում ՔՀԿ-ների մասնակցության ավելացումն է. «Կառավարության ներկայացուցիչները, թեև վստահեցնում էին, թե կդիտարկեն ու կներառեն մեր առաջարկները, սակայն ոչ մի քայլ չիրականացվեց: Փաստորեն մեր երկրում հայեցակարգերը «Ավետարանի» են նմանվում. փոփոխման ենթակա չեն»,- կատակեց Կարեն Զադոյանը:

«Բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերը Հայաստանում. արձանագրված ոլորտային խնդիրները և հետագա անելիքները» աշխատաժողովն իրականացվում է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ֆինանսավորմամբ:

Այս աշխատաժողովի իրականացնողները Իրավաբանների հայկական ասոցիացիան ու Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան են, գործընկերները` ՀՀ արդարադատության նախարարությունը և Իմֆորմացիայի ազատության կենտրոնը, միջոցառումը համաֆինանսավորվում է «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցային համալիրի կողմից:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ