2016 թվականի մայիսի 20-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի Սյունիքի մարզի խմբի հետ համատեղ կազմակերպեց «Սյունիքի մարզի կոռուպցիոն ռիսկերը սեփականության իրավունքի իրացման գործընթացում» թեմայով հակակոռուպցիոն միջոցառում Սյունիքի մարզի ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների մասնակցությամբ: Հակակոռուպցիոն միջոցառումը տեղի ունեցավ ԻՀԱ ՀԿ Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնում:
Քննարկմանը ներկա էին ներկայացուցիչներ քաղաքացիական հասարակական կազմակերպություններից, ԻՀԱ-ից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, ՏԻՄ-երից, ծրագրի փորձագետը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ռեգիոնալ համակարգող/փորձագետ Անի Ասատրյանը, որից հետո նա զեկույց ներկայացրեց «Սյունիքի մարզի կոռուպցիոն ռիսկերը սեփականության իրավունքի իրացման հիմնական օղակներում» թեմայով: Իր զեկույցում նա շեշետեց, որ սեփականության իրավունքի իրացման բոլոր օղակներում առկա են խնդիրներ, որոնց լուծման ճանապարհներից առաջինն քաղաքացիների իրավագիտակցության մակարդակի բարձրացումն է, որի պատասխանատուն ոչ միայն հասարակական կազմակերպություններն են, այլ նաև այն պետական մարմինները, որոնց իր խնդիրներով դիմում է քաղաքացին: Նա նաև նշեց, որ շատ դեպքերում քաղաքացիները խնդիրներ են ունենում փաստաթղթաշրջանառության փուլում և կանգնում են բյուրոկրատական քաշքշուկների առջև, որոնք էլ ծնում են կոռուպցիոն ռիսկեր: Սակայն եթե քաղաքացուն բացատրվի և ներկայացնի իր խնդրի համար առավել օպտիմալ լուծման ճանապարհը, ապա նա ստիպված չի լինի ներգրավվել կոռուպցիոն գործընթացների մեջ: Սակայն սովորաբար պետական մարմինները այս գործառույթը պատշաճորեն չեն կատարում, ինչը ստեղծում է անառողջ մթնոլորտ և պետական մարմինների նկատմամաբ անվստահություն ձևավորում:
Հայաստանի ազգային արխիվի Սյունիքի մարզային մասնաճյուղ ՊՈԱԿ-ի վարիչ Արշալույս Փափազյանը նշեց, որ մեր քաղաքացիները կարոտ են բարեկիրթ և բարյացակամ վերաբերմունքի և երբ նրանք չեն ստանում այդ վերաբերմունքը, ապա հայկական մենթալիտետի առանձնահատկություններից ելնելով կարծում են, որ պետք է համապատասխան վերաբերմունք ցույց տան պաշտոնյային, որպեսզի նա բարեհաճ գտնվի իրենց նկատմամբ:
Լեռնաձոր համայնքի ներկայացուցիչ Բելլա Ղազարյանը նշեց, որ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ ոլորտում չնայած արված բարեփոխումներին, դեռևս կան բազում խնդիրներ, որոնցից մեկը առաջին պետական գրանցման տարիներին կազմված վկայականների տրամադրման խնդիրն է, որը մինչ օրս լուծված չէ ինչպես հարկն է: Նա շեշտեց, որ իրենց համայնքում կան բազմաթիվ բնակիչներ, ովքեր առ այսօր չեն կարողանում ստանալ իրենց գույքի սեփականության վկայականները և նրանց պատշաճ կերպով չի բացատրվում, թե ինչումն է խնդիրը:
Մարդու իրավունքների պաշտպանի Սյունիքի գրասենյակի պատասխանատու Օքսանա Դավթյանը համարում է, որ կոռուպցիայի հաղթահարման համար պատասխանատու ենք բոլորս և յուրաքանչյուրը: Նա նշեց, որ միայն պետական պաշտոնյան չէ, որ պետք է կամք դրսևորի, այլ նաև քաղաքացին պետք է իր բաժին պատասխանատվությունը զգա կոռուպցիայի նվազեցման գործում:
Ջինիշյան հիշատակի հիմնադրամի Կապանի պատասխանատու Էռնա Արզումանյանն ասաց, որ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է մշակվի նաև որպես կրթական ծրագիր և սկսած դպրոցներից ուսանվի դրա վտանգների մասին և ներկայացվի պայքարի ուղիները:
Իրավաբան.net