Այսօր՝ մայիսի 19-ին, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու Հայ պետական ծառայողների միություն ՀԿ-ի միջև ստորագրվեց փոխըմբռման հուշագիր:
«Մենք փորձելու են ՀՀ բնակչության հետ առավել շատ հանդիպումներ ու շփումներ ունեցող մի համակարգում կատարելագործելու օրենսդրությունը, էթիկայի և վարքագծի կանոնները, վերապատրաստել ՏԻՄ, համայնքային ծառայության անդամներին, որոնք ամենօրյա շփումներ են ունենում քաղաքացիների հետ և երկրի, պետության նկատմամբ տրամադրությունները ձևավորվում են հենց այդ մակարդակում»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Կոռուպցիայի դեմ պայքարը և հանրային վստահության ամրապնդումը շատ լուրջ քաղաքականության խնդիր է: Հուշագրի ստորագրումից առաջ շեշտեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը: Նա նաև ասաց. «Մեր գրասենյակը տարիներ շարունակ աջակցություններ է ցուցաբերել Քաղաքացիական ծառայության մասին օրենքի մշակման և ընդունման հարցում: Մենք շարունակում ենք խթանել հանրային սեկտորի բարեփոխումները, սակայն կոռուպցիայի դեմ պայքարը և հանրային վստահության ապահովումը ոչ միայն քաղաքականության խնդիր է, այլ առնչվում է նրան, թե ինչպես են պարտականություններով օժտված մարդիկ դրսևորում իրենց վարքագիծն աշխատավայրում: Հենց այդ իսկ պատճառով մեր այս հավաքական աշխատանքը հատկապես կարևորվում է»,- փոխանցեց դեսպանը:
Հայ պետական ծառայողների միության նախագահ Վաչե Քալաշյանը շնորհակալություն հայտնեց մյուս կողմերին՝ ընդգծելով՝ քաղաքացիական հասարակություն-կառավարություն-միջազգային կազմակերպություն այս ձևաչափը կարող է արդյունավետ ազդեցություն ունենալ կոռուպցիայի հաղթահարման և բարեվարքության մակարդակի բարձրացման վրա. «Այսօր շատ է խոսվում կոռուպցիայի պայքարի մասին: Մեր դասախոսությունների շրջանակներում համայնքային ծառայողները շեշտում էին, որ կոռուպցիայի դեմ ամենալավ պայքարը սեփական օրինակն է»,- ասաց ՀԿ ղեկավարը:
Այնուհետև կողմերը կնքեցին հուշագիրը:
Նշենք, որ նախաձեռնությունները կներառեն մասնագիտական կանոնավոր դասընթացներ քաղաքացիական ծառայությունում բարեվարքության սկզբունքների և միջազգային չափանիշների, կոռուպցիոն ռիսկերի, կոռուպցիոն երևույթների բացահայտման և կանխարգելման վերաբերյալ, մարզերում համայնքային ծառայողների դասընթացների և հավաքագրման մրցույթային գործընթացի բարեփոխումներ, կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրենսդրության բացահայտում և համակարգային բարեփոխումների առաջարկներ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Գևորգ Թոսունյան
Իրավաբան.net