2016 թվականի մայիսի 10-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի Սյունիքի մարզի խմբի հետ համատեղ կազմակերպեց «Սյունիքի մարզի կոռուպցիոն ռիսկերը պետական նպաստների տրամադրման գործընթացում» թեմայով հակակոռուպցիոն միջոցառում Սյունիքի մարզի ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների մասնակցությամբ: Հակակոռուպցիոն միջոցառումը տեղի ունեցավ ԻՀԱ ՀԿ Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնում :
Քննարկմանը ներկա էին ներկայացուցիչներ քաղաքացիական հասարակական կազմակերպություններից, ԶԼՄ-ներից, ԻՀԱ-ից, ծրագրի փորձագետը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ռեգիոնալ համակարգող, փորձագետ Անի Ասատրյանը, որից հետո նա զեկույց ներկայացրեց «Սյունիքի մարզի կոռուպցիոն ռիսկերը պետական նպաստների տրամադրման գործընթացում» թեմայով: Վերջինս շեշտեց, որ Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոն դիմող քաղաքացիները հիմնականում դժգոհում են պետական նպաստների տրամադրման գործընթացում առկա խնդիրներից, որոնցից են սոցիալական անապահովության գնահատման համակարգը, որը շատ հաճախ արդարացի չի գնահատում այս կամ այն քաղաքացու սոցիալական վիճակը: Նաև, սոցիալական տարածքային գործակալության աշխատակիցները փորձում են քաղաքացիներից գումար շորթել նպաստի տրամադրման գործընթացը կազմակերպելու համար, ինչը համակարգում առկա կոռուպցիայի ակնհայտ դրսևորում է: Քաղաքացիները սովորաբար վախենում են բարձրաձայնել այս հարցը, քանզի վախենում են պատասխանատու անձանց վրեժխնդրությունից:
«Պետական նպաստների տրամադրման կարգը և գործող սոցիալական անապահովության գնահատման համակարգի էությունը» թեմայով զեկույց ներկայացնելու համար հրավիրված էր սոցիալական աջակցության Կապանի տարածքային գործակալության պետ Արամ Հովհաննիսյանը, ով պատրաստակամություն էր հայտնել ներկա գտնվելու և ելույթ ունենալու, սակայն բոլոր ներկաների համար անհասկանալի պատճառներով վերջինս չներկայացավ հանդիպմանը և չբարեհաճեց նույնիսկ պատասխանել զանգերին: Սա ևս մեկ անգամ վկայում է, որ պետական կառույցների ներկայացուցիչները որդեգրել են ոչ մատչելի և ոչ թափանցիկ գործելաոճ:
Զեկույցով հանդես եկավ ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի Սյունիքի մարզի խմբի անդամ «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ նախագահ Քրիստինա Սաղաթելյանը, ով տեղեկացրեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից նախատեսվում է ստեղծել միջգերատեսչական խորհուրդ, որում կարող են ընդգրկվել նաև ՀԿ ներկայացուցիչներ: Խորհրդի նպատակն է հայտնաբերել սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց, կազմել ու իրականացնել սոցիալական ծրագրեր և ապահովել շարունակական վերահսկողություն:
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ ներկայացուցիչ, սոցիալական աշխատող Լյուդմիլա Պողոսյանը նշեց, որ նպաստների տրամադրման գործընթացում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնցից մեկն այն է, որ պատկան մարմինները ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների առաջ են կանգնեցնում դիմող քաղաքացիների, ինչը խոչընդոտում և արհեստականորեն երկարաձգում է նպաստների նշանակումը: