Դիմելով Վարչական դատարան` Աիդա Նազարյանը պահանջել է անվավեր ճանաչել Ճանապարհային ոստիկանության 29.04.2013 թվականի վարչական տույժ նշանակելու մասին որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ռ. Սարգսյան) (այսուհետ` Դատարան) 22.10.2013 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 12.03.2014 թվականի որոշմամբ Աիդա Նազարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 22.10.2013 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աիդա Նազարյանի ներկայացուցիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
- Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Ճանապարհային երթևեկության մասին» Վիեննայի 1968 թվականի նոյեմբերի 08-ի կոնվենցիայի 18-րդ հոդվածը, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955 որոշմամբ հաստատված ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների X բաժինը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ և 146-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանի կողմից բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ չի հետազոտվել որպես ապացույց ներկայացված տեսանյութը, հակառակ պարագայում Դատարանը կպարզեր, որ Աիդա Նազարյանը մուտք չի գործել խաչմերուկ, հետևաբար և չէր կարող խախտել խաչմերուկի անցման կանոնները: Ավելին, Աիդա Նազարյանը որևէ իրավախախտում թույլ չի տվել, այլ ելնելով իր և երթևեկության այլ մասնակիցների անվտանգության նկատառումներից՝ անցել է 1.12 գծանշումը (կանգ-գիծը), սակայն չի հատել 1.14.1 գծանշումը/հետիոտնային անցումը: Ավելին, եթե տեսականորեն համարվի, որ Աիդա Նազարյանի մեքենան մուտք է գործել խաչմերուկ, ապա ստորադաս դատարանների կողմից Վիեննայի 1968 թվականի նոյեմբերի 08-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի 18-րդ հոդվածի կիրառման պայմաններում վերջինիս գործողությունները կդիտվեին իրավաչափ, քանի որ Վիեննայի 1968 թվականի նոյեմբերի 08-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի 18-րդ հոդվածի համաձայն` խաչմերուկ դուրս եկած վարորդը, որտեղ երթևեկությունը կարգավորվում է լուսային ճանապարհային ազդանշաններով, կարող է խաչմերուկից դուրս գալ` չսպասելով, որ իրեն անհրաժեշտ ուղղությամբ երթևեկությունը բացվի, սակայն պայմանով, որ դա չի խանգարի ճանապարհից մյուս օգտվողների շարժմանն այն ուղղությամբ, որով երթևեկությունը բաց է: Այսինքն` գնահատելով իրադրությունը՝ Աիդա Նազարյանն իրավունք ուներ չշարունակելու երթևեկությունը, եթե դա կխանգարեր ճանապարհից մյուս օգտվողների շարժմանը:
Վերաքննիչ դատարանը որևէ անդրադարձ չի կատարել Աիդա Նազարյանի կողմից բարձրացված թե° փաստական, և թե՛ իրավական հիմնավորումներին, ինչը վերջինս պարտավոր էր անել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Ծառայության 29.04.2013 թվականի թիվ 1300555193 որոշման համաձայն` Աիդա Նազարյանը ՎԱԶ 21104-125-51 մակնիշի 06OS940 պետական համարանիշի ավտոմեքենայով 22.04.2013 թվականին ժամը 09:59-ին Երևանի Վաղարշյան/Խաչատրյան խաչմերուկի հատվածում խախտել է խաչմերուկի անցման կանոնները, որի արդյունքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` տուգանվել է 5.000 ՀՀ դրամի չափով (գ.թ. 5)։
2) Վարչական իրավախախտման մասին տեսագրության համաձայն` ՎԱԶ 21104-125-51 մակնիշի 06OS940 պետական համարանիշի ավտոմեքենայի վարորդ Աիդա Նազարյանը հատել է կանգ-գիծը, սակայն չի հատել հետիոտնային անցումը (գ.թ. 20)։
3) Դատարանի 29.04.2013 թվականի դատական նիստի արձանագրության համաձայն՝ Ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ Աիդա Նազարյանի կողմից թույլ է տրվել ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 93-րդ կետի խախտում (գ․թ. 25):
Ըստ Վճռաբեկ դատարանի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրավախախտման համար անձին պատասխանատվության ենթարկելու համար էական նշանակություն ունի խաչմերուկի սահմանների որոշումը և խաչմերուկի տարածքի բնութագրումը:
«Ճանապարհային երթևեկության մասին» Վիեննայի 1968 թվականի նոյեմբերի 08-ի կոնվենցիայի 1-ին հոդվածի «ը» կետի համաձայն՝ խաչմերուկը նույն մակարդակի վրա ճանապարհների ցանկացած հատումն է, նրանց միացումը կամ ճյուղավորումը (ներառյալ` այդպիսի հատումների, միացումների կամ ճյուղավորումների տարածքը):
Խաչմերուկ հասկացության ավելի լայն սահմանումը տրված է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում, որի համաձայն՝ խաչմերուկը միևնույն մակարդակի վրա ճանապարհների հատման, միացման կամ անջատման տարածքն է, ներառյալ` այդպիսի հատումով, միացումով, անջատումով առաջացած տարածքը, որը պայմանականորեն սահմանազատված է այդ ճանապարհների երթևեկելի մասերի հատման, միացման կամ անջատման տիրույթում առկա կորացումների համապատասխանաբար հակադիր սկզբնակետերը միացնող երևակայական գծերով: Մերձակա տարածքից ելքը ճանապարհ խաչմերուկ չի համարվում:
«Խաչմերուկ» հասկացության վերը նշված սահմանումներից հետևում է, որ խաչմերուկը միևնույն մակարդակի վրա ճանապարհների հատման, միացման կամ անջատման տարածքն է, իսկ դրա սահմանները որոշվում են այն երևակայական գծերով, որոնցով միանում են երթևեկելի մասերի կորացումների հակադիր սկզբնակետերը:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ կանոնավոր խաչմերուկում սովորաբար մայթերն ընդհատվում են, և մայթերի ընդհատման հատվածում, որպես կանոն, ճանապարհը կորացվում է երթևեկելի մասն ընդարձակելու և ավտոմեքենաների մանևրը հեշտացնելու համար: Խաչմերուկի բնութագրում օգտագործվող հակադիր մայթերի այդ կորացումով էլ, հաշվի առնելով խաչմերուկի կենտրոնից ընկած ամենամեծ հեռավորությունը, որոշվում է խաչմերուկի սահմանը (տե՛ս նկ.1): Սակայն որոշ անկանոն խաչմերուկներում (օրինակ T-աձև, Y-աձև) հնարավոր է մայթեզրի ընդհատման և հետևաբար նաև՝ կորացման բացակայություն: Այս դեպքում խաչմերուկի սահմանը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ պետք է որոշել՝ հաշվի առնելով ճանապարհի երթևեկելի մասի հատման սահմանները (տե՛ս նկ.2):
«Խաչմերուկ» հասկացության և խաչմերուկի սահմանների վերաբերյալ վերը նշված եզրահանգումների լույսի ներքո անդրադառնալով «Կանգ-գիծ» գծանշման հատման առանձնահատկություններին` Վճռաբեկ դատարանը գտել է, որ «Կանգ-գիծ» գծանշման հատումն ինքնին չի նշանակում, որ տրանսպորտային միջոցը մուտք է գործել խաչմերուկ, քանի դեռ վերջինս չի հատել խաչմերուկի սահմանը: Այսինքն՝ միայն «Կանգ-գիծ» գծանշման հատումը դեռևս չի կարող համարվել խաչմերուկների անցման կանոնների խախտում, քանի որ խաչմերուկի անցման կանոնների խախտումը դրսևորվում է խաչմերուկ մուտք գործելուց՝ խաչմերուկի սահմանը հատելուց մինչև խաչմերուկի սահմաններից դուրս գալը՝ երթևեկության ընթացքում տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների X բաժնով սահմանված կանոնները խախտելով:
Ինչ վերաբերում է ինքնին «Կանգ-գիծ» գծանշման հատմանը, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, եթե տրանսպորտային միջոցը, հատելով «Կանգ-գիծ» գծանշումը, դեռևս մուտք չի գործել խաչմերուկ, ապա ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 18-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ պայմանավորված կարող է վրա հասնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պատասխանատվությունը, որով սահմանված իրավախախտման օբյեկտիվ կողմն էականորեն տարբերվում է նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ խաչմերուկների անցման կանոնների խախտման զանցանքի օբյեկտիվ կողմից:
«Ճանապարհային երթևեկության մասին» Վիեննայի 1968 թվականի նոյեմբերի 08-ի կոնվենցիայի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ խաչմերուկին մոտենալիս վարորդը պետք է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերի՝ ելնելով տեղի պայմաններից: Մասնավորապես` վարորդը փոխադրամիջոցը պետք է վարի այնպիսի արագությամբ, որ հնարավորություն ունենա կանգնելու և բաց թողնելու անցման առաջնահերթության իրավունք ունեցող փոխադրամիջոցները: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույնիսկ եթե լուսային ազդանշաններն անցնելը թույլատրում են, վարորդը չպետք է դուրս գա խաչմերուկ, եթե այնպիսի խցանում է առաջացել, որ նա հավանաբար ստիպված կլինի կանգ առնել` դրանով իսկ խոչընդոտներ ստեղծելով լայնակի ուղղությամբ շարժվողների համար: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ խաչմերուկ դուրս եկած վարորդը, որտեղ երթևեկությունը կարգավորվում է լուսային ճանապարհային ազդանշաններով, կարող է խաչմերուկից դուրս գալ` չսպասելով, որ իրեն անհրաժեշտ ուղղությամբ երթևեկությունը բացվի, սակայն պայմանով, որ դա չի խանգարի ճանապարհից մյուս օգտվողների շարժմանն այն ուղղությամբ, որով երթևեկությունը բաց է:
Վճռաբեկ դատարանը, վերը նշված կոնվենցիոն դրույթները համադրելով ներպետական օրենսդրության վկայակոչված իրավանորմերի հետ, գտնում է, որ 1.12 «Կանգ-գիծ» ճանապարհային հորիզոնական գծանշման պահանջի խախտումը, եթե տրանսպորտային միջոցը մուտք է գործել խաչմերուկ, ինքնըստինքյան չի կարող հիմք հանդիսանալ տրանսպորտային միջոցի վարորդին խաչմերուկի անցման կանոնների (ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 93-րդ կետի) խախտում վերագրելու համար: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանի գնահատմամբ խաչմերուկ մուտք գործած տրանսպորտային միջոցի վարորդի համար սահմանելով խաչմերուկը ազատելու պարտականություն՝ օրենսդիրը նպատակ է ունեցել ապահովելու տրանսպորտային բարձր թողունակություն և բացառելու տրանսպորտային խցանումները: Միևնույն ժամանակ, սակայն, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ճանապարհային երթևեկության ընթացքում հնարավոր են այնպիսի իրավիճակներ, երբ տրանսպորտային միջոցի վարորդը, ելնելով այդ պահին երթևեկության ձևավորված դինամիկ իրավիճակից, հարկադրված լինի ընտրել ճանապարհային երթևեկությունը կանոնակարգող իրավական ակտերով նախատեսված այլ վարքագիծ, որն ուղղված կլինի երթեկության այլ մասնակիցների (այդ թվում նաև` հետիոտների) անվտանգության ապահովմանը և վթարային իրավիճակներից խուսափելուն, որոնք կարող են առաջանալ ինչպես խաչմերուկում, այնպես էլ խաչմերուկ չհանդիսացող ընդհանուր օգտագործման ճանապարհների հատման կամ ճյուղավորման դեպքերում: Ի վերջո, ճանապարհային երթևեկությունը կանոնակարգող իրավական ակտերի նպատակը հենց ճանապարհային երթևեկության մասնակիցների անվտանգության ապահովումն է, ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխումը, դրանց ծանրության և հետևանքների նվազեցումը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» ՀՀ օրենքով և (կամ) այլ իրավական ակտերով նախատեսված է երթևեկության մասնակցի հնարավոր այլ իրավաչափ վարքագիծ (օրինակ՝ լուսացույցի թույլատրված լույսի առկայությամբ տրանսպորտային միջոցի վարորդը մուտք է գործել խաչմերուկ, սակայն հարկադրված կանգ է առել երթևեկությունը հանկարծակի խոչընդոտող հանգամանքի պատճառով), ապա վարչական պատասխանատվության հարցը լուծելիս հարկ է պարզել՝ արդյո՞ք ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված այլ կանոնով ղեկավարվելիս տրանսպորտային միջոցի վարորդը նպատակ չի հետապնդել խուսափելու իրական վթարային իրավիճակ ստեղծելուց կամ երթեևեկության այլ մասնակիցներին սպառնացող վտանգից զերծ մնալուն:
Դատարանը որոշել է Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 12.03.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում: