ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ 2015 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում հարուցվել է 216 քրեական գործ, որոնցից 75-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում:
Հաշվետու ժամանակահատվածում հարուցված 216 քրեական գործերից՝
– 42-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդված),
– 41-ը՝ իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության (ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդված),
– 26-ը՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու (ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդված),
– 26-ը՝ պաշտոնեական կեղծիքի (ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդված),
– 21-ը՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված յուրացման կամ վատնման (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի. 2-րդ մասի 1-ին կետ),
– 12-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման կամ վատնման, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով կամ կազմակերպված խմբի կողմից
(ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մաս),
– 9-ը՝ կաշառք ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդված),
– 7-ը՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու վերաբերյալ (ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդված) և այլն:
2015 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 91 քրեական գործ՝ 187 անձի վերաբերյալ, որոնցից 41-ը՝ 103 անձի վերաբերյալ, քննվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից: