ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը նախկինում ստանձնած Միհրան Պողոսյանի հետ կապված օֆշորային սկանդալին այսօր ԱԺ-ում անդրադարձավ պատգամավոր Լևոն Զուրաբյանը:
Նա հարցում է ուղարկել Արդարադատության նախարարություն և տեղեկացել, որ այս պահի դրությամբ պաշտոնատար անձը համապատասխան հրաժարական է ներկայացրել, ընթանում է քննություն, ուսումնասիրում են փաստեր:
Պատգամավորը շեշտեց, որ կոռուպցիան սպառնում է մեր երկրի ազգային անվտանգությանը. «Երկրի ղեկավարությունը պետք է նման պահերին զգա, որ իր թիկունքն ամուր է արտաքին ագրեսիան ետ մղելու և արտաքին ճնշումներին դիմակայելու դեպքում: Կոռուպցիան, ինչպես ցույց տվեցին վերջին իրադարձությունները, անմիջական վտանգ է ներկայացնում մեր ազգային անվտանգությանը, ռազմաճակատում կռվող զինվորների անվտանգությանը և այն պետք է արմատախիլ արվի, այլապես իշխանությունները չեն կարող ապավինել զինվորների անձնվիրությանը, հայրենիքի պաշտպանությանը, ինչպես նաև չի շտկվի բանակի թերֆինանսավորման և տնտեսական ճգնաժամի հետ կապված խնդիրները»:
Ըստ պատգամավորի՝ այստեղ միայն Միհրան Պողոսյանի խնդիր չէ. «2012թ. մենք բազմաթիվ հարցադրումներ ենք արել կոռուպցիոն գործարքների մասին, ներկայացնելով բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնատար անձանց անուններ և նրանց կողմից իրականացված չարաշահումները»:
Արդարադատության նախարար Արփինե Հովհանիսյանը խոսելով Միհրան Պողոսյանի գործի վերաբերյալ, ասաց, որ նյութեր են պատրաստվում, դեռևս այդքան ինֆորմացիան է առկա: Անդրադառնալով կոռուպցիայի մասին պատգամավորների գնահատականներին՝ փոխանցեց, որ որևէ հարցադրում չի անտեսվում ԱՆ-ի կողմից. «ՀՀ կառավարությունն իր իրավասության շրջանակներում համապատասխան միջոցառումներ իրականացնում է: Իրավապահ համակարգի գործառույթները չպետք է զուգահեռվեն ու փոխտեղվեն: ԱՆ-ն համապատասխան նախագծեր է մշակել ու դրանք գտնվում են քննարկման փուլում: Այն, որ կոռուպցիան պետք է արմատախիլ արվի ու բոլորս պետք է քայլեր ձեռնարկել, ես դրա հետ համաձայն եմ»,- նշեց նախարարը: