Բուժման գումարը չվճարելու համար էպիկրիզը չեն տրամադրել

«Հայբիզնեսբանկ»-ից առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով վերաքննիչ դատարանում այսօր տեղի ունեցավ առաջին դատական նիստը: Առաջին ատյանի դատական ակտի դեմ բողոքներ են ներկայացրել թե մեղադրող, թե պաշտպանական կողմը:

Մասնավորապես, մեղադրող դատախազը պահանջում է բեկանել դատական ակտը՝ այս գործով երկու կին ամբաստանյալների՝ Էդիտայի և Գոհար Գաբրիելյանի դեմ մեղմ պատժաչափերի մասով և ավելի խիստ պատիժ նշանակել: Նշենք, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Արշակ Վարդանյանի, կիրառել է Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը՝  ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ: Մեղադրողը պահանջում է այս կանանց դատապարտել 5 տարվա իրական ազատազրկման:

Առաջին ատյանի դատարանը գործում առկա մի շարք կարևոր հանգամանքներ է նկատի ունեցել՝ մեղմ պատիժ նշանակելիս. մասնավորապես այս երկու կանայք իրենց խնամքին ունեն անչափահաս երեխա, նախկինում դատված չեն եղել, ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել, համագործակցել նախաքննական մարմնի հետ՝ հանցանքը բացահայտելու համար:

Սակայն մեղադրողն իր բողոքը ներկայացնելիս հայտնեց, թե այս հանցագործությունը դատապարտված է եղել բացահայտվելու, հետևաբար նրանց ինքնախոստովանական ցուցմունքներն ընդամենը ինքնարադարացման բնույթ և «սեփական ճակատագիրը մեղմելու» նպատակ են ունեցել: Իսկ նրանց հանդեպ մեղմ պատիժ նշանակելու խախտվում է սոցիալական արդարությունը, քանի որ հանցագործությունը կատարել են դիտավորությամբ և կազմակերպված խմբի միջոցով: Եվ այն, որ բանկը շուրջ 1 միլիոն դոլարի հասցված գումարի փոխարեն փոխահատուցման պահանջ է ներկայացրել շուրջ 23 հազար դոլար (մեծ մասը վերականգնվել է բանկի կապիտալը ապահովագրված լինելու շնորհիվ), չի նշանակում, որ նրանք ծանր հանցագործություն չեն կատարել:

Ի դեպ, բանկի ներկայացուցիչ Ռուզաննա Սահակյանը մեղադրողի այս բողոքի վերաբերյալ դիրքորոշում հայտնեց, որ Գոհար Գաբրիելյանի մասով թողնում են դատարանի հայեցողությանը (վերջինիս հանդեպ բանկը պահանջ չունի), իսկ Էդիտայի մասով միանում են մեղադրողի բողոքին (համապարտության կարգով ոչ ամբողջական գումարն է փոխահատուցվել):

Հետաքրքիր է, որ բանկի ներկայացուցչի արտահայտած այս դիրքորոշումը Էդիտայի մասով կարծես նույնիսկ դատարանին զարմացրեց: Թերևս, տրամաբանական է, որ հավանականությունն առավել մեծ է, որ Էդիտան գումարային փոխահատուցումը կվճարի ազատության մեջ, քան կալանավայրում գտնվելու պարագայում:

Էդիտայի պաշտպան Սիմոն Ամիրախանյանը բողոքի իր պատասխանում այս անգամ էլ նշեց, որ Էդիտայի և ամուսնու կալանքի տակ գտնվելու ընթացքում նրանց մանկահասակ երեխան զրկված է եղել ծնողական խնամքից և լուրջ առողջական խնդիրներ է ձեռք բերել: Եվ այժմ, երբ նա առաջին ատյանի դատավճռով ազատ է արձակվել կալանքից, նորից ազատազրկվելու դեպքում առավել մեծ վտանգի տակ է դրվելու մանկահասակ երեխայի առողջությունը: Ի դեպ նշենք, որ Էդիտան կալանավայրում է անցկացրել շուրջ 3 տարի:

Այսօրվա դատական նիստին ներկայացվեցին նաև Վահե Ստեփանյանի, Մնացական Սարգսյանի պաշտպանների կողմից ներկայացված բողոքները: Վահե Ստեփանյանն առաջին ատյանի դատավճռով դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Նրա պաշտպանների կողմից ներկայացված բողոքներով խնդրվում էր դատարանին նրա հանդեպ կիրառել Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը կամ համաներում: Ինքը, Վահե Ստեփանյանը խնդրեց նույնը, նա նշեց, որ չի հրաժարվում բանկին վճարել շուրջ 500 դոլարը, սակայն այս պահին սոցիալական վիճակը թույլ չի տալիս դա անել. շուրջ մեկ տարի է չի աշխատում՝ առոջղական խնդիրներ ունենալու պատճառով, իր խնամքին են թոշակառու և 3-րդ կարգի հաշմանդամ հայրը, թոշակառու և նույնպես վատառողջ մայրը, կինը, մանկահասակ երեխան:  Նա նշեց նաև, որ վերջերս էլ հիվանդանոցում բուժում է ստացել, սակայն էպիկրիզը չի կարողացել ստանալ և ներկայացնել դատարանին, քանի որ բուժման դիմաց վճարը չի կարողացել մուծել, էպիկրիզն էլ չեն տրամադրել:

Մնացական Սարգսյանի պաշտպան Լիանա Գրիգորյանը իր բողոքում դատարանին խնդրել է ամբողջությամբ բեկանել և արդարացնել իր պաշտպանյալին, իսկ եթե դատարանն, այնուամենայնիվ, գտնի, որ նա մեղավոր է, ապա կիրառի Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը կամ համաներմամբ ազատ արձակի: Լ. Գրիգորյանը նշեց նաև, որ իր պաշտպանյալն ամբողջությամբ մարել է բանկին հասցված վնասն՝ իր մասով:

Այս հայտարարությունից հետո մեղադրողը դիրքորոշում հայտնեց, որ ինքը դեմ չի լինի, եթե դատարանը նրա հանդեպ կիրառի 70-րդ հոդվածը:

Հաջորդ դատական նիստը կլինի մայիսի 11-ին:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել