Սյունիքի մարզում տեղի ունեցավ հակակոռուպցիոն հերթական միջոցառումը

2016 թվականի ապրիլի 15-ին «Իրավաբանների հայկական  ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի Սյունիքի մարզի խմբի հետ համատեղ կազմակերպեց «Պահպանվող տարածքների աջակցության ծրագիր-Հայաստան» ծրագրի գործունեության ոլորտում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի վերհանում» թեմայով  հակակոռուպցիոն միջոցառում Սյունիքի մարզի ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների մասնակցությամբ: Հակակոռուպցիոն միջոցառումը տեղի ունեցավ ԻՀԱ ՀԿ Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնում:

Ողջույնի խոսքով հանդես եկավ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ռեգիոնալ համակարգող, փորձագետ Անի Ասատրյանը:

«Պահպանվող տարածքների աջակցության ծրագիր-Հայաստան» հնգամյա ծրագրի գործունեության շրջանակները և նպատակները» թեմայով իր զեկույցը ներկայացրեց ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիա Սյունիքի մարզի ՔՀԿ-ների խմբի անդամ, Կապանի Օրհուս բնապահպանական կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը, ով նշեց, որ «Պահպանվող տարածքների աջակցության ծրագիր-Հայաստան» ծրագրի հիմնական նպատակը կայանում է հատուկ պահպանվող տարածքների ուժեղացման և ապա հարող տարածքների (համայնքների) սոցիալ-տնտեսական զարգացման մեջ: Ծրագիրը իրականացնում է ՀՀ Բնապահպանության նախարարությունը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել հանրային խորհուրդ, որը միտված կլինի վերահսկելու ծրագրի իրականացման արդյունավետությունը և ապահովելու թափանցիկությունը, ինչպես նաև մասնակցելու պահպանվող տարածքների կառավարմանը:

Այնուհետև «ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Սյունիքի մարզի ՔՀԿ-ների խմբի  գործողությունները` ուղղված «Պահպանվող տարածքների աջակցության ծրագիր-Հայաստան» ծրագրի գործունեության ոլորտում ռիսկերի նվազեցմանը» թեմայով զեկույց ներկայացրեց «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ռեգիոնալ համակարգող, փորձագետ Անի Ասատրյանը: Նա շեշտեց, որ  պահպանվող տարածքների աջակցության ծրագրի իրագործման մեխերից մեկը  քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցությունն է: Սակայն, այս ծրագրի շրջանակներում նախատեսված խորհրդի ստեղծումը տարվում է ոչ ճիշտ ուղղությամբ, քանզի նախատեսվում է խորհրդի կազմում ընդգրկել 25 անդամ, որոնցից ընդամենը 2-4 տեղ է հատկացնում ՔՀԿ ներկայացուցիչներին, մնացած մասնակիցների բացարձակ մեծամասնությունը կլինեն պետական մարմինների և ՏԻՄ մարմինների ներկայացուցիչներ, ինչը, բնականաբար, չի կարող արդյունավետ և թափանցիկ աշխատելաոճի գրավական լինել:

«Աշխատավորների իրավունքների պաշտպանության միավորում» ՀԿ նախագահ Արթուր Ղազարյանն առաջարկեց ստեղծել այլընտրանքային խորհուրդ ՔՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ, որը վերահսկողություն և մոնիթորինգ կիրականացնի «Պահպանվող տարածքների աջակցության ծրագիր-Հայաստան»-ի գործունեության հետ կապված,  հետևողականորեն կվերհանի առկա խնդիրներն ու կառաջարկի լուծումներ:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ