«Ապրիլյան չորսօրյա պատերազմի դրդապատճառների քաղաքական ասպեկտները տևական ժամանակ դեռ կքննարկվեն, անշուշտ, առաջ կքաշվեն բազում աշխարհաքաղաքական, տնտեսական և այլ դրդապատճառներ: Սակայն փաստն այն է, որ Ադրբեջանը մի քանի հանգամանք հստակորեն հաշվարկել էր: Անցած տարիների ընթացքում Ադրբեջանը ձեռք էր բերել մեծաքանակ նորագույն զինատեսակներ, դրանք իրենց մեծ վստահություն էին ներշնչել, ընդհուպ, որ դրանք կարող են իրենց հաղթանակ ապահովել: Միաժամանակ նրանք գիտեին, որ հայկական կողմը ևս բավականին ձեռքբերումներ ունի, սակայն դրանց զգալի մասը դեռևս ճանապարհին է: Եթե սրան հավելենք, որ ադրբեջանական բանակի ծախսերը շեշտակիորեն կրճատվել էին, ապա կարելի է ենթադրել, որ, ըստ իրավիճակի, ճիշտ ժամանակն է փորձել բլիցկրիգ (արագ պատերազմ) անել:
Ռազմական առումով անհրաժեշտ է ապրիլյան այս պատերազմը մանրամասնորեն վերլուծել, սակայն մի քանի հանգամանք արդեն կարելի է վստահորեն փաստել: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը, վերջին երկու տարվա ընթացքում իր ունեցած բոլոր դիվերսիոն- հետախուզական խմբերը, (կատարվել է առնվազն 150 դիվերսիոն ներթափանցման փորձ) ականային, հրետանային և այլ միջոցները գործի դնելով ու ոչնչի չհասնելով, փորձեց լայնամասշտաբ մարտական գործողություններ սկսել: Ինչպես անվանել այս մարտական գործողությունները: Այն, անշուշտ, լայնամասշտաբ պատերազմ չէ: Ոմանք այն անվանում են “հետախուզություն մարտով”, որը որոշակիորեն ճիշտ է: Սակայն դասական իմաստով այդպես չէ: Դեռևս 1990-ականների երկրորդ կեսից ռազմարվեստում կիրառվում է առկա ուժերով, առանց նոր ուժերի ու միջոցների ներգրավման հիմնական հարված հասցնելու մարտավարությունը: Ադրբեջանը այս անգամ հենց նման հարված հասցրեց. օպերատիվ շարվածքում առկա ուժերով ու միջոցներով փորձեց անակնկալ և որոշիչ հարված հասցնել, պլանավորել էր մարտավարական բնագիծը ճեղքելով դուրս գալ օպերատիվ խորություն: Միայն այն հանգամանքը, որ նրանք մարտավարական առաջին գծով չէին բավարարվելու, արդեն նշանակում է, որ սա հետախուզական մարտ չէ: Բացի դրանից` ակնհայտ է մի հետաքրքիր առանձնահատկություն ևս: Ադրբեջանական լրատվամիջոցները մինչև կեսօր լռում էին: Կեսօրին միանգամից անցան հարձակողական տեղեկատվական տեղատարափի, ընդ որում, սկզբում անթաքույց հպարտանալով, որ իրենք հարձակվել են և գրավել ինչ-որ բնակավայրեր ու բնագծեր: Սա նշանակում է, որ տեղեկատվական գործողությունները ևս նախօրոք պլանավորված են եղել` մարտական գործողություններին համահունչ սցենարով: Ադրբեջանական զորքերի հաջողությունները պետք է ուղեկցվեին համապատասխան տեղեկատվությամբ, սակայն երբ դրանք սկսեցին հաղորդվել ըստ նախնական մշակված պլանի, չէին համընկնում մարտական գործողություններին: Ի դեպ, նույնը արեց նաև թուրքական մամուլը, որը ևս հավանաբար տեղյակ էր ծավալվելիք գործողությունների մանրամասներին:
Այդ են վկայում հենց երկու ուղղությունում կենտրոնանալը և այդ ուղղությունների համեմատաբար հարթավայրային մասերում տանկային ուժերով հիմնական հարվածները, օրինակ` Սեյսուլանի ուղղությամբ ճեղքման հարվածը տանկերով ու հետևակով: Հարվածների ուղղությունները ենթադրում են, որ հյուսիսից ու արևելքից հասցվող հարվածները Արցախի հյուսիում նպատակ ունեին գրավելու Մարտակերտը, Սարսանգի ջրամբարով և այլն: Հաջողության դեպքում ադրբեջանական զորքերը համապատասխան զորախմբերով պետք է հարվածներ հասցնեին նաև այլ ուղղություններում: Ըստ ադրբեջանական տվյալների` յուրաքանչյուր հատվածում գործի են դրվել են 1-ին էշելոնի մեկական բրիգադի ուժերն ու միջոցները, որոնք ուժեղացված են եղել հատուկ նշանակության ուժերով` ընդհանուր մինչև երկու բրիգադ հատուկ դիվերսիոն խմբերով, լեռնահրաձգային ստորաբաժանումներով, տանկային և հրետանային այլ ուժերով: Յուրաքանչյուր ուղղությամբ նաև կուտակվել էին զգալի տանկային ուժեր:
Քանի որ այս դեպքում հասկանալի է, որ ադրբեջանական կողմը շահագրգռված է նվազեցնելու սեփական ուժերի թվաքանակը, ինչը հիմնավորվում է նաև որոշ զինատեսակների կիրառությամբ, որոնք դուրս են կորպուսային ենթակայությունից, ապա հասկանալի և ակնհայտ է, որ ուժերը առնվազն եղել են բրիգադներից մեծ: Բրիգադը այդքան ուժերով արդեն կորպուսային ներուժ ուներ: Այդ մասին է փաստում նաև հակառակորդի կողմից հրետանային կրակի ինտենսիվությունը: Չորս օրվա ընթացքում ըստ որոշ տեղեկությունների հակառակորդը կիրառել է 120մմ-ից բարձր ավելի քան 30 000 հրետանային արկ, ինչը մեկ միջինից բարձր օպերատիվ ռազմագործողության համար նախատեսված զինամթերքի ծախս է:
Որպես ելակետային հաշվարկ նշենք, որ մեկ հրետանային համակարգի մարտապաշարը հաշվարկվում է 60-80 արկ: Եթե այս հաշվարկով դիտարկենք ու հաշվենք, որ մեկ հրանոթը կարող է կրակել օրական առավելագույնը մեկ մարտապաշար, ապա ստացվում է, որ մարտական ակտիվ չորս օրում յուրաքանչյուր հրանոթի առավելագույն արագությամբ կիրառման դեպքում եղել է մոտավորապես 100 միավոր 120մմ-ից բարձր հրանոթ: Ավելի ցածր ակտիվության դեպքում, ինչը ավելի հավանական է, կիրառվել է ավելի քան 150 հրանոթ:
Ադրբեջանական ԶՈՒ-ն փորձել է դիմել հնարամտության, որը մի քանի անգամ փայլուն է դրսևորվել ռազմարվեստի պատմության մեջ: Հարվածող խմբավորումների առաջին շարակազմում կիրառվել են միայն հատուկ նշանակության ուժեր, այդ թվում` փորձ` օդային դեսանտ իջեցնել մարտավարական խորքում: Ապրիլի 2-ի առավոտյան խոցված ուղղաթիռը հենց այս փորձի ժամանակ է խոցվել: Այսինքն` այդ խմբերը խնդիր ունեին գրավել առաջին բնագծերը կամ բացվածքներ ապահովել այդ բնագծում և միաժամանակ թիկունքից հարված հասցնել գումարտակային խորությանն ու խուճապ առաջացնել: Հիմնական զրահատանկային միջոցները մոբիլ խմբերի հետ գործել են արդեն երկրորդ շարակազմում` փորձելով առաջին խմբերի հետ գործել բարձր ներդաշնակությամբ: Գործելով այս կանոններով և ձգտելով քողարկել իրենց հարվածը, որպեսզի ապահովվի անակնկալի գործոնը, ադրբեջանական զորքերը նոր ուժերի ու միջոցների ներգրավումը իրականացրել են ընթացքում` մարտավարական խորությունում ունենալով պահեստային ուժեր: Սակայն քանի որ առաջին դիվերսիոն խմբերի գործողությունները լիարժեք հաջողության չեն հասել, չնայած նրան, որ Թալիշ գյուղում և որոշ դիրքերի թիկունքում դիվերսանտներ եղել են, ապա հիմնական հարվածային ուժերը իրենց խնդիրը չեն կարողացել կատարել: Այսինքն` հիմնական հարվածային ուժերի ճանապարհը չի բացվել, ինչպես պլանավորած էր: Այստեղից սկսվել է ադրբեջանական հարվածային խմբավորման պլանների խափանումն ու ներդաշնակության կորուստը:
Միայն այս ուղղությամբ շրջափակման մեջ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր: Իսկ որոշ դիրքեր իրենց վրա հարձակումը հաջողությամբ հետ են մղել կամ հակագրոհներով արագորեն վերականգնել են կորցրածը:
Նույն սցենարը գրեթե կրկնվել է երկու ճակատում՝ Մարտակերտի ուղղությամբ էլ ոչնչացվել է 2 տանկ և 2 անօդաչու թռչող սարք: Այսինքն` հայկական ստորաբաժանումներին հանկարծակիի բերել չկարողանալով` հակառակորդը դիմել է ծայրահեղ մեթոդի, այսպես ասած, պլան “Բ”-ի` հրետանային ինտենսիվ կրակով գոնե առաջին դիրքերը վերցնելու մարտավարությանը: Իհարկե, նման ինտենսիվ կրակով մի քանի տեղում հակառակորդին հաջողվել է ճեղքել առաջին բնագիծը, սակայն դրանով էլ տապալել է ամբողջ օպերացիան. քանի որ հիմնական ուժերը ոչ մի նշանակալի հաջողության չհասնելով, անգամ մարտավարական որևէ խորություն չգրավելով, ստիպված են եղել դիրքային մարտեր վարել: Տեղում փորձելով ճեղքել պաշտպանական բնագիծը, սակայն այդտեղ ևս ձախողվելով, հակառակորդը ներգրավել է նաև ծանր հրանետներ, որոնք ի սկզբանե չէին կարող նախատեսված լինել` հաշվի առնելով դրանց դանդաղաշարժությունը: Հակառակորդը, կիրառելով զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այդ թվում՝ ՄՄ-21 (“Գրադ”) տիպի կայանք, հարձակման թիրախ է դարձրել ոչ միայն Պաշտպանության բանակի դիրքերը, այլև խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը: Այս ուղղությամբ Պաշտպանության բանակի հակաօդայինների կողմից ապրիլի 2-ին ժամը 12:30-ի սահմաններում խոցվել են հակառակորդի մեկ ռազմական ուղղաթիռ և 2 տանկ:
Փաստորեն, ադրբեջանական բանակը հիմնական հարվածային ներուժով տապալել է իր օպերատիվ մակարդակի կայծակնային ռազմագործողությունը, որով պետք է ուժեղացված բրիգադներով ճեղքեր վաշտային պաշտպանությունը և դուրս գար մարտավարական խորք: Նույնիսկ երկու մակարդակ բարձր ադրբեջանական ուժերը, փորձելով ամրանալ վաշտային հենակետերի բնագծերում, ենթարկվել են ԼՂՀ Պաշտպանության բանակի գումարտակային ու գնդային ռեզերվների հակահարձակմանը և որոշ տեղերում դրանք կորցրել են: Այն տեղերում, որտեղ ադրբեջանական բանակին հաջողվել է առավելագույնը ջոկի դիրք պահել, դա հնարավոր է եղել միայն կորպուսային ռեզերվների ներգարվմամբ:
Հաշվի առնելով այդ իրողությունը` Ադրբեջանը հընթացս գործողությունները տեղափոխեց հյուծման հարթություն՝ հին մեթոդներով հրետակոծելով նաև խաղաղ բնակավայրերը:
Սակայն քանի որ այս տարբերակը հաշվարկված չէր ադրբեջանական բանակի կողմից, այն վարվում էր ավելի վատ, քան նույնիսկ տապալված գործողությունը: Սկզբից ևեթ յուրաքանչյուր տապալումից հետո ադրբեջանական բանակը փորձել է թվաքանակով կատարել իր խնդիրը, սակայն չի հաջողվել: Յուրաքանչյուր միջոցի կիրառման անհաջողությունից և ամեն մի գրոհից հետո ձեռնարկելով նորանոր գրոհներ ու փորձելով անպայման հաջողության հասնել քանակական գերակշռության և տեխնիկական գործոնների հաշվին` ադրբեջանական բանակը պատերազմը տեղափոխել է իր համար արդեն ոչ ձեռնտու հարթություն: Քիչ-քիչ մարտի մեջ են մտցվում հրանետներ, ծանր հրետանի և այլն, սակայն քանի որ ամեն ինչ վատ էր պլանավորված, անգամ նորագույն համակարգերը, ինչպիսիք են մարտական ԱԹՍ-ները, կիրառվում են ոչ համակարգային, այլ անհատական, տալով ցածր արդյունք: Հատկապես զարմանալի էր “Սմերչ” համակարգերի բացարձակ անհաջող կիրառությունը:
Հատկապես անհասկանալի էին մարտական ԱԹՍ-ներով տանկերի ու առանձին մեքենաների խոցման փորձերը: Դրանցով լուծվել են միայն մարտավարական խնդիրներ: Կիրառվել է մոտավորապես 15 հարվածային ԱԹՍ, որից միայն մեկն է եղել արդյունավետ, այն էլ քաղաքացիական ավտոբուսին է հարված հասցրել: Բացի դրանից` մնացած հարվածները կամ եղել են անարդյունավետ, կամ ոչ նպատակահարմար, երկուսին էլ ՀՕՊ ուժերը խոցել են: Իհարկե, սրանք լուրջ օպերատիվ խնդիրներ լուծելու համար նախատեսված միջոցներ են, սակայն ճիշտ չեն կիրառվել:
Քանի որ այդ դիրքային մարտերը ադրբեջանական բանակի համար արդեն վերածվել էին պատվի խնդրի, ապա ամեն ինչ նետվում էր մարտի` միայն թե վաշտային հենակետերն ու խրամատները գրավվեին կամ գրավածները պահվեին հայկական հակագրոհներից: Փաստորեն, ադրբեջանական ԶՈՒ-ն, բացի մարտական ինքնաթիռներից, կիրառեց բոլոր տեսակի այլ միջոցները, թեկուզ ոչ ամբողջական ծավալով կիրառեց օպերատիվ մակարդակի ամբողջ զինանոցը: Դրան հակառակ` հայկական կողմը առհասարակ այս ենթակայության ուժեր չի կիրառել, ավելին` անգամ բանակի ռեզերվները չեն ներգրավվել:
Կայծակնային գործողության տապալումից հետո Ադրբեջանը անցավ հյուծման կռվի: Ադրբեջանը, այո, ուներ տեխնիկական որոշակի առավելություն և դա ակնհայտ էր, սակայն այն այնքան մեծ չէր, որքան պատերազմի անցնող փուլում:
Շուրջ երկու օր տևած հյուծման մարտերից հետո Ադրբեջանը, սպառելով ստեղծված այդ զորախմբերի հիմնական ներուժը, գնաց հրադադարի: Կրակի դադարեցման պայմանավորվածության պահի դրությամբ ադրբեջանական կողմը կորցրել էր 24 տանկ, 1 ՏՕՍ-1Ա հրանետ, 1 ՀՄՄ, 6 զրահապատ մեքենա, 1 ինժեներական մեքենա, 1 «Գրադ» ՀԿՌՀ, 2 ուղղաթիռ և 12 անօդաչու թռչող սարք: Հատուկ նշենք, որ հայկական կողմը կորցրել է մեկ ԱԹՍ: Արցախյան կողմի տեխնիկական հագեցվածությունը այնքան խիտ էր, որ գործնականում անհնար էր առանց մեծ կորուստների առաջ շարժվել, ինչն էլ ապացուցվեց կորուստների մեծ թվաքանակով: Դա ապահովվել էր նաև նրանով, որ զորքերը նախկին լարումների հանգամանքներով, ինչպես նաև հետախուզական տվյալների հիման վրա գրեթե լիովին բացազատված էին իրենց բնագծերում:
Չորսօրյա մարտական գործողությունները փաստեցին, որ ադրբեջանական ԶՈՒ-ն, բրիգադային ուժեղացված զորախմբերով, ներառյալ` վերադասի կողմից տրված ուժերն ու միջոցները, հարձակում ձեռնարկելով ըստ էության վաշտային հենակետի վրա` հընթացս չի կարողացել գրավել այն, անգամ դուրս չի եկել վաշտի պաշտպանության հենակետի ամբողջ խորքը: Ադրբեջանական զորախմբերը մարտական գործողությունների երկրորդ օրը կիրառել են օպերատիվ ենթակայության ուժեր: Ծանր հրանետները, մարտական ԱԹՍ-ները և “Սմերչ” համակարգերը անգամ բրիգադի վերադասի ենթակայության ներքո չեն, այսինքն` կիրառվել են երկու-երեք աստիճան բարձր հրամանատարության կողմից տրված ուժեր և միջոցներ:
Փաստորեն, ապրիլի 5-ին ադրբեջանական ԶՈՒ-ն, արցախյան բանակի երկու վաշտային ոչ լիարժեք հենակետ գրավելու համար կիրառելով 2-3 անգամ բարձր մակարդակի, մինչև անգամ 10 անգամ գերազանցող ուժեր, չի կարողացել լուծել մարտավարական խնդիր և ստիպված է եղել դիմակայել հայկական ուժերի հակագրոհներին: Կրակի դադարեցումը այդ սպառումը համալրելու փորձ էր նոր ուժեր ներգրավելու համար, քանի որ լայնածավալ համալրում և զորաշարժեր չէր կարող կատարել:
Ադրբեջանական բանակի գործողությունների առանձնահատկությունները.
1. Թույլ էր ադրբեջանական հարձակողական խմբավորումների գործողությունների պլանավորումը, և ցածր է ղեկավարման մարմինների պատրաստությունը:
2. Ադրբեջանական բանակը ուներ ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի հագեցվածություն, սակայն դրանց ոչ նպատակային ու ճիշտ կիրառություն: Դա հատկապես դրսևորվում է մարտական ԱԹՍ-ների և ռադիոտեխնիկական զինվածության, ինչպես նաև մասնակի տեխնիկական առավելության, տանկային, հակատանկային, հեռահար հրետանու և այլ սպառազինությունների հարցում:
3. Անգամ ոչ մեծ քանակով բացազատված զորամասերն ու միավորումները ունեին ոչ հստակ փոխգործակցություն:
4. Մարտավարական ուժերի դեպքում ադրբեջանական բանակը դրսևորեց ռազմարվեստում դասական ու առավել ևս նորարարական մոտեցումների իրականացման անպատրաստություն:
5. Ադրբեջանական բանակը թույլ տվեց մեկ ռազմավարական սխալ` ունենալով տեխնիկական առավելություն, հետախուզահարվածային հնարավորություններ, ի սկզբանե զորքերի կառավարման անհաջողությունների պատճառով դրանք սխալ օգտագործեց, դրան հակառակ` գնաց մարդկային ռեսուրսով հաջողության հասնելու մարտավարությանը և տալով մեծ թվով զոհեր` ոչնչի չհասավ:
6. Ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ հյուծիչ պատերազմի, քանի որ այն իր համար իրականում հայրենական պատերազմ չէ: Ադրբեջանական մամուլը և հասարակությունը լիովին փակ են, չկա ինքնաքննադատություն և սխալների ընդունում, գործում են շաբլոնային մեթոդները:
Հայկական բանակի գործողությունների առանձնահատկությունները.
1. Հայկական ստորաբաժանումները արագ և ճկուն են գործում հատկապես խուսավարման և բացազատման հարցերում, այնքան արագ ու ճիշտ, որ, օրինակ, “Սմերչ” համակարգերը առաջին օրը թիրախներ չեն գտել խոցելու համար: Հայկական զորքերը ավելորդ կուտակումներ չեն առաջացրել: Մարտակարգերի վրա դրանց կիրառությունը արդյունավետ չի կարող լինել: Արձակվել է 1-2 համազարկ:
2. Հայկական կողմի պահեստային ուժերի գործողությունների համակարգը հղկված է և գործում է անխափան: Բանակը իր համալրման խնդիրը կատարում է բարձր մակարդակով:
3. Հայկական բանակի ստորաբաժանումները դրսևորել են մասսայական քաջության դեպքեր: Դիրքեր են եղել որոնք մինչև վերջ կռվել են ու զոհվել բազմապատիկ ուժերի դիմաց, ՊԲ-ի շարքային զինվորները խոցել են երկու ուղղաթիռ և կան զինվորներ որոնք մի քանի տանկեր են խոցել:
Հայկական բանակը, որոշակի տեխնիկական հարցերում զիջելով ադրբեջանական կողմին, գերազանցում է հաղթանակ ապահովող երկու կարևորագույն գործոնով. զորքերի և ռեզերվների մարտական բարձր ոգին և կառավարման բարձր մակարդակը` շնորհիվ պատրաստված ու վճռական հրամանատարների ու լավ փորձի»:
Այս մասին իր ՖԲ էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: