Փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի՝ կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով սպանության կատարելու համար։ Հայտնում են Քննչական կոմիտեից:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016թ. մարտի 28-ին. «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» Խորհրդատվական ՀԿ-ի ծրագրերի համակարգողը գրավոր հաղորդում էր ներկայացրել առ այն, որ նշված ՀԿ-ի փորձագետ Կարեն Արշակի Վարդանյանը 2016թ. մարտի 17-ին իր՝ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 31/8-րդ շենքի 32-րդ բնակարանից դուրս է եկել՝ 1 շաբաթով արտասահման գործուղման մեկնելու նպատակով, սակայն մինչ օրս չի վերադարձել:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությամբ իրականացված քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կարեն Վարդանյանն սպանվել է Սևանում, որից հետո նրա դիակը տեղափոխվել է Երևան։
Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Կ.Վարդանյանն իր՝ Երևան քաղաքի Լենինգրադյան 31/8 շենքի 32-րդ հասցեի բնակարանը նվիրաբերել է 23-ամյա Գ.Զոհրաբյանին, որի դիմաց պետք է ստանար դրամական փոխհատուցում՝ 20.000 ԱՄՆ դոլարի չափով կամ այդ գնի սահմաններում՝ նոր բնակարան։ Պայմանավորված գումարը Կարեն Վարդանյանին չտալու համար Գ.Զոհրաբյանն առաջարկել է նրան Վրաստանով մեկնել Դուբայ՝ շրջագայության՝ մտադրվելով Վրաստան ուղեկցելու ճանապարհին սպանել նրան։ Նշված մտադրության մասին Գ.Զոհրաբյանը հայտնել է 1973թ. ծնված Ա.Միհրանյանին, ով 2016թ. հունվար ամսից օրավարձով վարում է Գ.Զոհրաբյանին պատկանող «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենան՝ խոստանալով դրա դիմաց որոշակի գումար:
Նախնական պայմանավորվածության համաձայն՝ 2016թ. մարտի 17-ին երեքով, Ա.Միհրանյանի վարած «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենայով, Գ.Զոհրաբյանը և Կ.Վարդանյանը ուղևորվել են դեպի Սևան քաղաք՝ Կ.Վարդանյանին Վրաստանի հանրապետություն ուղեկցելու պատրվակով:
Հասնելով Սևանի Ախթամար թերակղզու մոտ՝ քարի բազմաթիվ հարվածներ են հասցրել Կ.Վարդանյանի գլխին։ Տեսնելով նրա անշնչացած մարմինը և հասկանալով, որ արդեն մահացել է՝ նրան թողել են ավտոմեքենայի սրահի հետնամասում, վերադարձել Երևան, որտեղ դիակը տեղափոխել են Գ.Զոհրաբյանին պատկանող ավտոտնակ և թաղել։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Միհրանյանին և Գ.Զոհրաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (սպանություն կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով): Քննիչը ապրիլի 3-ին միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Քրեական գործի քննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: