ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության՝ երեխաների անձնական տվյալների հրապարակման վերաբերյալ որոշումը է ընդունել՝ Save the Children կազմակերպության կողմից դիմումի հիման վրա:
Փետրվարի 28-ին www.shamshyan.com կայքում «Արտակարգ դեպք Երեւանում. փրկարարների ճիշտ գործողությունների արդյունքում երեխաների խնամքի եւ պաշտպանության համար գիշերօթիկ հաստատությունում կանխվեց երեխաների ինքնասպանությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ» վերտառությամբ նյութում ներկայացվել են գիշերօթիկ հաստատության սաների անունները, ազգանունները, տարիքը, հաստատության անունը, ինչպես նաեւ լուսանկարներ, որոնցում երեւում են երեխաները:
Երեխաների անձնական տվյալների հրապարակումը դատապարտող հանրային կարծիքի ճնշման արդյունքում www.shamshyan.com կայքը երեխաների անունները փոխարինեց անվան սկզբնատառերով, ինչպես նաեւ կայքից հանվեցին այն լուսանկարները, որոնցում երեւում են երեխաների դեմքերը։ Սակայն, տարածված տեղեկատվությունն արդեն բավարար էր երեխաներին նույնականացնելու համար, մյուս կողմից՝ այլ լրատվական կայքեր արտատպել կամ հղմամբ օգտագործել էին www.shamshyan.com-ում տեղ գտած տեղեկություններն ամբողջ ծավալով՝ հրապարակելով երեխաների անուն-ազգանունները, տարիքը եւ երեխաների լուսանկարները: Այլ լրատվական կայքերում երեխաների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է մինչ օրս:
Գործակալությունը եկել է հետևյալ եզրահանգմանը. «Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» 24-րդ հոդվածի 3-րդ մասի 15-րդ կետի դրույթներով՝ ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը գտնում է որ երեխայի անձնական տվյալներ մշակողները, այդ թվում՝ պետական մարմինները եւ լրատվամիջոցները, կրում են հետեւյալ նվազագույն պարտականությունները եւ պարտավոր են.
4.1 իրենց գործունեությունը կազմակերպել վերոնշյալ իրավական նորմերին համապատասխան, անձնական տվյալները հրապարակայնացնել միայն օրինական նպատակով՝ նպատակին հասնելու համար պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր ծավալով,
4.2 երեխաների անձնական տվյալներ հրապարակելիս ցուցաբերել հատուկ զգուշավորություն երեխաներին չվնասելու համար՝ օգտագործելով անձնական տվյալներն ապանձնավորելու միջոցներ (փոխել երեխայի անունը, օգտագործել միայն անվան առաջին տառերը, փակել լուսանկարում երեխայի դեմքը եւ այլն),
4.3 երեխաների անձնական տվյալները հրապարակել միայն այն բացառիկ դեպքերում, երբ հրապարակումը խիստ կարեւոր է երեխայի լավագույն շահը պաշտպանելու համար եւ ապանձնավորված կերպով հնարավոր չէ հասնել այդ նպատակին,
4.4 Գործակալությունն ակնկալում է, որ բոլոր այն լրատվամիջոցները, որոնք հրապարակել են երեխաների անձնական տվյալները (այդ թվում՝ լուսանկարներ), անհապաղ կապանձնավորեն (անհինարինության դեպքում՝ կհեռացնեն) դրանք՝ ընթերցողներին բացատրելով նման քայլի պատճառները»: