Կառավարությունն այսօրվա նիստին թույլ տվեց ապահովել ֆինանսական միջոցների տնօրինման և օգտագործման գործընթացը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության կողմից «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» ծրագրի շրջանակներում:
Հայաստանում «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» դրամաշնորհային ծրագրի նպատակն է օժանդակել ՀՀ Կառավարությանը` ի կատար ածելու ՀՀ 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունը: Ծրագիրն իրականացնում է ՀՀ կառավարության աշխատակազմը: Հատկացվող միջոցները ուղղվելու են հետևյալ երեք նպատակների իրականացմանը.
- Փորձագիտական հանձնախմբի ստեղծում` հակակոռուպցիոն խորհրդի հետ աշխատելու նպատակով,
- 2015-2018թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության գործարկում
- Շահագրգիռ կողմերի հետ կապերի ռազմավարության ծրագրի մշակում և իրականացում:
Ծրագրի իրականացման ժամկետն է 2016 թվականի փետրվարի 5-ից մինչև 2017թ. ապրիլի 4-ը` 749.110 ԱՄՆ դոլար դրամաշնորհով, որից 2016թ. նախատեսվում է ծախսել 605.881 ԱՄՆ դոլարը, իսկ 2017թ.` 143.229 ԱՄՆ դոլար:
ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացնելով նախագիծն ասաց, որ կան անձիք, ովքեր անհիմն քննադատում են իրենց գործունեությունը. «Կան քաղաքական գործիչներ, ովքեր ոչ թե կոռուպցիայի դեմ են պայքարում, այլ «շոումեններ» են»,- նշեց նա:
Իրավաբան.net