Չինաստանի իշխանությունները հետաքննություն են սկսել երկրի արևելյան ամենախոշոր նավահանգստային քաղաքի՝ Նինգբոյի քաղաքապետի նկատմամբ՝ կաշառակերության առնչությամբ: Այսօր այս մասին տեղեկացրել է երկրի իշխող կոմունիստական կուսակցությունը: Քաղաքապետ Լու Զիյուն վերջին պաշտոնյաներից մեկն է, ով հետաքննության է ենթարկվում՝ նախագահ Սի Ցզինպինի կողմից սկսած հակակոռուպցիոն հսկայածավալ արշավի շրջանակներում: Փոխանցում է Reuters գործակալությունը:
54-ամյա Լուն, ով կասկածվում է կոռուպցիոն գործունեություն իրականացնելու մեջ, իր կարիերան անց է կացրել Շանհայի հարավային մասում գտնվող Ժեջիանգ նահանգում՝ հանդիսանալով կոմունիստական կուսակցության՝ Նինգբո քաղաքի մասնաճյուղի քարտուղարի տեղակալը և քաղաքի քաղաքապետը: Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նախազգուշացրել է, որ համատարած կոռուպցիան սպառնում է Կոմունիստական կուսակցության գոյությանը և իր նախաձեռնած հակակոռուպցիոն արշավի շնորհիվ՝ կուսակցության, կառավարության, ռազմական և պետական սեփականություն հանդիսացող ընկերությունների բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը