Կարևոր փոփոխություններ` պատճառված ոչ նյութական վնասի հատուցման կարգում և պայմաններում

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով փոփոխություններ են կատարվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում: Իրավաբան.net-ը շարունակում է քաղաքացիներին իրազեկել ՀՀ օրենսդրության փոփոխությունների մասին:

Ստորև ներկայացնում ենք հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման կարգի և պայմանների մասով ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխություններն ու լրացումները: Մասնավորապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն.

Հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման եղանակը, հիմքը և չափը որոշվում են սույն հոդվածին և քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածին  (Ոչ նյութական վնասի հասկացությունը և դրա հատուցումը) համապատասխան:

Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման` անկախ հատուցման ենթակա գույքային վնասից:

Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման` անկախ վնաս պատճառելիս պաշտոնատար անձի մեղքի առկայությունից:

Ոչ նյութական վնասը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Եթե քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածով սահմանված հիմնարար իրավունքը խախտվել է տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից, ապա ոչ նյութական վնասը հատուցվում է համապատասխան համայնքային բյուջեի միջոցների հաշվին:

Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշում է դատարանը՝ ողջամտության, արդարացիության (equitableness) և համաչափության սկզբունքներին համապատասխան:

Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշելիս դատարանը հաշվի է առնում ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը, աստիճանը և տևողությունը, պատճառած վնասի հետևանքները, վնասը պատճառելիս մեղքի առկայությունը, ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները, ինչպես նաև այլ վերաբերելի հանգամանքներ:

Հատուցման չափը չի կարող գերազանցել՝

1) նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը՝ քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավունքների խախտման պարագայում,

2) նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը՝ քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասի 3-9-րդ կետերով նախատեսված իրավունքների խախտման պարագայում:

Ոչ նյութական վնասի հատուցման չափը բացառիկ դեպքերում կարող է գերազանցել սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսած առավելագույն սահմանը, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ:

Ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան կարող է ներկայացվել ինչպես քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքի խախտումը հաստատելու պահանջի հետ՝ խախտման մասին անձին հայտնի դառնալու պահից մեկ տարվա ընթացքում, այնպես էլ այդ իրավունքի խախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, իսկ քրեական հետապնդման մարմնի կողմից խախտումը հաստատվելու դեպքում՝ դրա մասին անձին հայտնի դառնալու պահից ոչ շուտ, քան երկու ամսվա, բայց ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում:

Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը, որը հատուցել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով պատճառած վնասը, հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ՝ իր վճարած հատուցման չափով։ Հետադարձ պահանջ ներկայացնելու հիմք է հանդիսանում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի մեղքի առկայությունը:

Տեղեկացնենք, որ քաղաքացիական օրենսգրքի իմաստով ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող նյութական կամ ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական գույքային կամ ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել