Հանրապետության առաջատար սրտաբանների և գլխավոր մասնագետի, նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ նախարար Արմեն Մուրադյանի մոտ քննարկվեցին բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով սրտի վիրահատական ծառայությունների կազմակերպման չափորոշիչները։ Հայտնում են առողջապահության նախարարությունից:
Մասնագիտական խմբի կողմից կատարված վերլուծությունների հիման վրա մշակված չափորոշիչները միտում ունեն կարգավորելու սրտի վիրահատությունների հետ կապված հիմնախնդիրներն ու փոխհարաբերությունները։
Փաստաթղթում մանրամասն ներկայացված են շահառուների բոլոր խմբերը, իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակները, ինչպես նաև սրտի վիրահատության ուղեգրման, հերթագրման, անհետաձգելի դեպքերի հետ կապված կարգավորումները։
Քննարկման ընթացքում տարբեր առաջարկություններ հնչեցին փոխհարաբերությունների և չափորոշիչների առավել հստակեցման ուղղությամբ։
Արմեն Մուրադյանը հանձնարարեց առավել խորությամբ վերլուծել ուղեգրման, լաբորատոր-գործիքային հետազոտությունների, ինչպես նաև սրտի վիրահատությունների բացարձակ և հարաբերական ցուցումների հետ կապված հարցերը։ Միաժամանակ, հաշվի առնելով նաև կատարված առաջարկությունները, լրամշակել փաստաթուղթը և ներկայացնել որպես ՀՀ առողջապահության նախարարի հրաման հաստատման։
Խնդիր դրվեց բոլոր չափորոշիչներն առավելագույնս հստակեցնել` հնարավոր կոռուպցիոն ռիսկերից խուսափելու, ինչպես նաև մասնագետների պատասխանատվությունը բարձրացնելու նպատակով։