Լևոն Սողոմոնյանը մեղադրվում է իր քեռու կողմից հիմնադրված «Սեյվր» գրավատնային գործունեությամբ զբաղվող ընկերությունից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 162 միլիոն դրամի հափշտակություն կատարելու համար: Գործը քննվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Դատավարությունը ներկայումս կողմերի վիճաբանության փուլում է: Մեղադրող դատախազը հանդես է եկել մեղադրական ճառով և միջնորդել դատարանին՝ Լ. Սողոմոնյանի հանդեպ որպես պատիժ նշանակել 8 տարվա ազատազրկում:
Այսօրվա դատական նիստին իրենց դիրքորոշումները հայտնեցին տուժողներն ու նրանց շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հրանտ Անանյանը: Վերջինս իր խոսքում նշեց, որ իր վստահորդ Սերգեյ Մարդոյանը 2009 թվականի սեպտեմբերին հիմնադրել է «Սեյվր» ընկերությունը, որի 70 տոկոս բաժնեմասը տնօրինել է ինքը, մյուս 30 տոկոսը՝ իր քրոջ որդի Լևոն Սողոմոնյանը:
Վերջինս 2009 թվականի փետրվարի 24-ից մինչև 2014 թ սեպտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում եղել է ընկերության տնօրենը, իսկ 2009թ. մայիսի 2-ից համատեղությամբ նաև ընկերության գանձապահը: Նա հակառակ ընկերության շահերի իր օգտին ընկերության հաշվին ձեռք է բերել առավելություններ, անձնական շահագրգռվածությամբ չարաշահել է իր լիազորությունները և միասնական դիտավորությամբ յուրացման եղանակով հափշտակել է ընկերության հիմնադիր, 70 տոկոս բաժնեմասի սեփականատեր Սերգեյ Մարդոյանի կողմից ներդրված, ինչպեսև ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափի` ընդհանուր 161.935.865 ՀՀ դրամ գումարը՝ այդպիսով կազմալուծել է ընկերության աշխատանքն ու վերջինիս համար առաջացրել է ծանր հետևանքներ` ընկերության գործունեության ժամանակավոր խաթարման ձևով:
Փաստաբանի խոսքով, Լևոն Սողոմոնյանն իր կողմից կատարված հանցանքը բացահայտելը բարդացնելու կամ անհնարին դարձնելու նպատակով նաև հափշտակել է կարևոր նշանակության հաշվապահական փաստաթղթեր: Փաստաբանի խոսքով, նա նաև նախաքննության ընթացքում խուսափել է վարույթն իրականացնող մարմնից, ավելի քան երկու ամիս փոխած է եղել իր բնակության վայրը՝ չտեղեկացնելով այդ մասին: Հետագայում պարզ է դարձել, որ նա գտնվել է Գորիսում և փաստաթուղթ է ներկայացրել է, թե «Արտեմիսիա» ԲԿ-ում 45-օրյա ինտենսիվ բուժում է իրեն ցուցված եղել: Սակայն, փաստաբանի խոսքով, անհասկանալի է, թե ինչպես պետք է նա Գորիսում գտնվելով ինտենսիվ բուժում ստանար Երևանում գործող հիշյալ բուժկենտրոնում:
Ինչ վերաբերում է գործի քննության ժամանակ ամբաստանյալի կողմից տրված ցուցմունքներին, Հ. Անանյանը նշեց, որ դրանք արժանահավատ չեն: Մասնավորապես, նա հայտնել է, թե Սերգեյ Մարդոյանի հետ իր հարաբերությունները նորմալ են եղել, սակայն գրավատան գործունեության վերջին մեկ տարվա ընթացքում հարաբերություններում լարվածություն է առաջացել, քանի որ Սերգեյ Մարդոյանը պահանջել է, որ որպես գրավադրված մեքենաների պահեստ իր սեփականությունը վարձակալվի, ինչը շուրջ 100 հազար դրամով ավելի թանկ էր: Սակայն փաստաբանի խոսքով, դա չէր կարող գործնական հարաբերությունների լարվածության պատճառ լինել, քանի որ ընկերության 70 տոկոսի բաժնետերը Մարդոյանն էր, հետևաբար թանկ գնով վարձակալությունը չէր բխում նախևառաջ հենց իր շահերից:
Տուժողի ներկայացուցիչը իր խոսքում նշեց նաև, որ Լևոն Սողոմոնյանը հանցանքը կատարելուց հետո ոչ միայն չի փորձել հատուցել իր արարքի հետևանքով հասցված վնասը, այլև հակասական փաստարկներով փորձել է պատրանք ստեղծել, որ ստեղծված իրավիճակը Սերգեյ Մարդոյանի կազմակերպած բանսարկության արդյունք է:
Այս գործով հաջորդ դատական նիստին պաշտպանական ճառով հանդես է գալու Լևոն Սողմոնյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը: Վերջինս, ի դեպ, մեզ հետ զրույցում նշեց, որ այս գործի քննությունը բնականոն կերպով չի ընթանում: Օրեր առաջ էլ բարձրաձայնվեց, որ հենց այս գործի շրջանակներում ապօրինի կերպով գաղտնալսել են իրեն և Լևոն Սողմոնյանի որդու՝ Դավիթ Սողոմոնյանի հետ հեռախոսազրույցները, և դրանք հրապարակայնացվել են: Այս դեպքի վերաբերյալ հաղորդում են ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն:
Գործի քննության ժամանակ պարզել են նաև, որ դատահաշվապահական փորձաքննություն կատարած փորձագետը մասնագիտությամբ տնտեսագետ չէ, միջնորդել են կրկնակի փորձաքննություն նշանակել, դատարանը մերժել է. «Նա մաթեմատիկայի ուսուցչուհի է՝ դիպլոմով: Մենք դա ասում, մենք լսում ենք արդեն չորս ամիս: Հաղորդում ենք տվել ոստիկանություն, որ փարձագետը կեղծել է եզրակացությունը, չլինելով տնտեսագետ, գրել է «Ես՝ Էսթեր Զադոյանս ունեմ բարձրագույն տնտեսագիտական կրթություն»:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: