ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածը սահմանում է պատասխանտվություն պաշտոնատար անձին կաշառք տալու համար:
1. Պաշտոնատար անձին կաշառք տալը, այսինքն՝ պաշտոնատար անձին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը՝ իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Կաշառք տալը, որը կատարվել է խոշոր չափերով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Կաշառք տալը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
2) կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
4. Կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում, և այդ անձը մինչև կաշառք տալու մասին քրեական հետապնդման մարմիններին հայտնի դառնալը, բայց հանցանքի կատարումից հետո՝ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն: